ԵՎՍ ՄԵԿ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարարի կողմից 2013թ-ի փետրվարի 7-ին N 06-ն հրամանով հաստատվել էր «Արյունը կամ դրա բաղադրամասերը վերցնելուց առաջ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով վերջինիս կողմից անվճար բժշկական հետազոտություն անցնելու կարգը և դոնորության համար հակացուցումների ցանկը»։  Հրամանի 1-ին կետի 14-րդ ենթակետի համաձայն՝ մի շարք խմբերի անձանց համար՝ նույնասեռական, սեռական ծառայություններ մատուցող կանայք, կալանավայրերում գտնվող անձինք և այլն, գործում էր դոնորությունը բացառող բացարձակ հակացուցումներ և  արյունատվության մշտական արգելք։

 

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատվել է «Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 7-ի n 06-ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին»  105-Ն հրամանը, որով վերացվեն են վերոնշյալ խմբերի անձանց համար նախատեսված արգելքները։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն բազմիցս այս հարցը բարձրաձայնել է և ներկայացրել համապատասխան առաջարկություններ, օրենսդրական նախագծեր։

 

Վերոնշյալ փոփոխությունը հնարավոր է դարձել «Համայնքների ներգրավվածություն, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն» աշխատանքային խմբի, ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված Միջոցառումները համակարգող հանձնաժողովին առընթեր գործող մշտական աշխատանքային խմբի, մի շարք հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի ջանքերի շնորհիվ ՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ արդյունավետ ու հետևողական համագործակցության արդյունքում: