«ԻՐԱԶԵԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ». Տեղի ունեցավ ԴԱՍԸՆԹԱՑ ԿՍԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2022թ․ի հուլիսի 21-22-ը տեղի ունեցավ ԿՍԿ-ների համար նախատեսված դասընթաց, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից։
Դասընթացի նպատակն էր ԿՍԿ-ների շրջանում բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել վերջիններիս իրավագիտակցությունը՝ գիտելիքներ տրամադրելով առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի ոլորտներից։
Դասընթացի մեկնարկին մասնակիցներին ողջունեց ՆՍՀԿ մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանը՝ ընդգծելով դասընթացի կարևորությունը և շնորհակալություն հայտնելով ներկայության համար։
Ողջույնի խոսքից հետո դասընթացավար Սերգեյ Գաբրիելյանը մասնակիցներին ներկայացրեց «ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորությունը» թեման, որի շրջանակներում մանրամասնորեն քննարկվեցին թե ինչ է ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը, փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները։
Այնուհետև իրավաբան Շուշան Խնկոյանը ներկայացրեց «Խարան և խտրականություն» թեման՝ անդրադարձ կատարելով խարանի և խտրականության սահմանումներին, խտրականության դրսևորումներին ու տեսակներին, խտրականությունն արգելող ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումներին։
Դասընթացի երկրորդ օրը իրավաբան Լուսինե Գասպարյանը անդրադարձ կատարեց «Առողջության իրավունք» թեմային՝ ներկայացնելով ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմները, ՀՀ քաղաքացու առողջությանն առնչվող իրավունքները, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը, «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքը, ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքները և պարտականություննները։
Այնուհետև, Մաշկաբանության ազգային կենտրոնի սեռավարակների բաժանմունքի վարիչ, բժշիկ-մաշկավեներաբան Էմիլ Միրզոյանը մասնակիցներին ներկայացրեց «Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ» թեման, որի շրջանակում փորձագետը մանրամասն անդրադարձավ սեռավարակների առանձնահատկություններին, կանխարգելման մեխանիզմերին ու բուժման հնարավորություններին։
Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։