Իրազեկ եվ պաշտպանված․ դասընթաց կսկ-ների համար

2022թ․ի հուլիսի 21-22-ը տեղի ունեցավ ԿՍԿ-ների համար նախատեսված դասընթաց, որը կազմակերպվել էր է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից։

Դասընթացի նպատակն էր ԿՍԿ-ների շրջանում բարձրացնել իրազեկությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորության, ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների, փոխանցման ուղիների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել վերջիններիս իրավագիտակցությունը՝ գիտելիքներ տրամադրելով առողջության իրավունքի, խարանից և խտրականությունից զերծ լինելու իրավունքի ոլորտներից։

 

Դասընթացի մեկնարկին մասնակիցներին ողջունեց ՆՍՀԿ մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանը՝ ընդգծելով դասընթացի կարևորությունը և շնորհակալություն հայտնելով ներկայության համար։

 

Ողջույնի խոսքից հետո  դասընթացավար Սերգեյ Գաբրիելյանը մասնակիցներին ներկայացրեց «ՄԻԱՎ-ի կանխարգելման և թեստավորման կարևորությունը» թեման, որի շրջանակներում մանրամասնորեն քննարկվեցին թե ինչ է ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը,  փոխանցման ուղիները, կանխարգելման մեթոդները։

Այնուհետև, հրավիրված փորձագետ, Մաշկաբանության ազգային կենտրոնի սեռավարակների բաժանմունքների վարիչ, բժշիկ-մաշկավեներաբան Էմիլ Միրզոյանը մասնակիցներին ներկայացրեց «Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ» թեման, որի շրջանակում փորձագետը մանրամասնորեն անդրադարձավ սեռավարակների առանձնահատկություններին, կանխարգելման մեխանիզմերին ու բուժման հնարավորություններին։

 

Դասընթացի երկրորդ օրը իրավաբան Լուսինե Գասպարյանը անդրադարձ կատարեց «Առողջության իրավունք» թեմային՝ ներկայացնելով ներպետական և միջազգային պաշտպանության մեխանիզմները, ՀՀ քաղաքացու առողջությանն առնչվող իրավունքները, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը, «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքը, ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքները և պարտականություննները։

Այնուհետև իրավաբան Շուշան Խնկոյանը ներկայացրեց «Խարան և խտրականություն» թեման՝ անդրադարձ կատարելով խարանի և խտրականության սահմանումներին, խտրականության դրսևորումներին ու տեսակներին, խտրականությունն արգելող ներպետական և միջազգային օրենսդրական կարգավորումներին։

 

Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում՝ ներառելով տեսական և գործնական վարժանքներ, աշխատարաններ, թիմային վարժություններ։

 

Դասընթացը կազմակերպվել էր Gilead Sciences կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացվող  «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրին» և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերիցՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԻՀԱԿ) հետ համագործակցությամբ իրականացվող «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում»  ծրագրերի շրջանակներում։