ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ ՏՐԱՆՍ* ԵՎ ՈՉ ԲԻՆԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

2022 թվականի մարտի 29-ից ապրիլի 1-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ տրանս* և ոչ բինար անձանց քառօրյա առաջնորդության դպրոցը, որը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի շրջանակներում Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի ֆինանսական աջակցությամբ։

 

Առաջնորդության դպրոցի նպատակն է խթանել տրանս* անձանց ներգրավվածությունը ՄԻԱՎ-ին առնչվող որոշումների կայացման գործընթացում։

 

Դպրոցը նախատեսված էր Հայաստանում տրանս* և ոչ բինար ակտիվիստների կարողությունների զարգացմանը և հզորացմանը, ինչպես նաև հնարավորություններ ստեղծելուն, որ վերապատրաստված անձինք կարողանան հետագայում տարածել իրենց ստացած գիտելիքները այլ տրանս* և ոչ բինար անձանց շրջանում, հրավիրվել վարելու հետագա առաջնորդության դպրոցները որպես հավասարը հավասարին խորհրդատուներ ու դասընթացավարներ։ Դպրոցի կազմակերպման և իրականացման ընթացքին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Տրանս* անձանց հայաստանյան աշխատանքային խմբի անդամ կազմակերպությունները, որոնք պլանավորում են նույն ձևաչափի դասընթացներ անցկացնել նաև իրենց շահառու խմբերի շրջանում՝ ստեղծելով տրանս* շարժում։

 

Առաջնորդության դպրոցի բացման խոսքով հանդես եկավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, իսկ աշխատանքները և վերապատրաստման գործընթացը ֆասիլիտացնում էր «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի ազգային համակարգող, դասընթացների մոդուլը մշակող փորձագիտական խմբի անդամ Հմայակ Ավետիսյանը։

 

Մինչև բուն դասընթացների շարքին անցնելը մասնակիցները ծանոթացան, պատմեցին իրենց ակտիվիզի մասին, վեր հանվեցին նրանց ակնկալիքները և մտահոգությունները, մշակվեցին կանոններ, կազմակերպվեց թիմի կառուցման վարժություն, որպեսզի հետագա աշխատանքները ավելի անկաշկանդ ընթանան։

 

 

Դպրոցը անցկացվեց ակտիվ քննարկումների, փորձի փոխանակումների, հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները իրենք էին նախապատրաստում և ներկայացնում թեմաները՝ նախօրոք տրամադրված նյութերի և դասընթացավարական մոդուլի հիման վրա։

4-օրյա ակտիվ և ինտենսիվ աշխատանքների շնորհիվ մասնակիցները զարգացրեցին իրենց առաջնորդական հատկանիշները, ծանոթացան ՄԻԱՎ-ին առնչվող ազգային մեխանիզմներին և գործիքներին, որոշումների կայացման գործընթացին և կառույցներին, սովորեցին ադվոկացիոն մեթոդներ՝ ուղղված պետական մարմինների հետ աշխատանքին, համայնքի մոբիլիզացիային և գենդերային ինքնության հիմքով խարանի և խտրականության կանխարգելմանը, քննարկեցին պաթոլոգիզացիայի, ներքինացված տրանսֆոբիայի, տրանս* ակտիվիզմի և առողջության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ձևավորեցին դասընթացավարական թիմ, որը պատրաստակամություն հայտնեց հետագայում կազմակերպելու և ներգրավվելու տրանս* համայնքի շրջանում առաջնորդության խթանման գործընթացներում։

 

 

Մասնակցության ավարտին շնորհվեցին վկայականներ։

 

 

Տրանս* համայնքի համար նախատեսված առաջնորդության դպրոցները և դասընթացները լինելու են շարունակական, իսկ որպես դասընթացավարներ, ֆասիլիտատորներ և կազմակերպիչներ ներգրավվելու են վերապատրաստված տրանս* և ոչ բինար անձինք։