ՄԻ ԽՈՒՄԲ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ
2021թ․-ի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գ․Մ․-ի և Ս․Հ․-ի կողմից Ա․Ա․-ին (փոխված է) ծեծի ենթարկելու գործով դատական նիստը։
Գործով 3-րդ դատական նիստն էր, որին կրկին անգամ չէին ներկայացել ամբաստանյալները։
Փաստաբան Արա Ղարագյոզյանը դիրքորոշում արտահայտեց ամբաստանյալներին բերման ենթարկել։
Դատարանի կողմից ամբաստանյալներին բերման ենթարկելու մասին որոշում կայացվեց և դատական նիստը հետաձգվեց։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2021թ-ի դեկտեմբերի 29-ին ժամը 10։00-ին։
Գործի նախապատմությունը։
2020թ․-ի հուլիսի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ն։ Վերջինս հայտնել է, որ 2020թ․-ի հունիսի 3-ին իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի իրենց ամառանոցում։ Մի խումբ անձինք հարձակվել են Ա․Ա․-ի տան վրա և հայոյելով պահանջել են հեռանալ՝ կապված Ա․Ա-ի և նրա ընկերների ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ։ Սկսվել է վիճաբանություն, որից հետո այդ անձինք հայհոյելով ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել Ա․Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ գլխի շրջանում։
Ա․Ա․-ն նույն օրը դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով 2020թ․-ի հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ավագ հետաքննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և այն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնի կողմից 2020թ․-ի հուլիսի 6-ին որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին։
Գործում ներգրավվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Ա․Ա․-ն ճանաչվել է գործով տուժող։
Մեղադրյալներից մեկի՝ Գ․Ս-ի նկատմամբ 2020թ-ի հոկտեմբերի 14-ին նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ 2021թ-ի մարտի 3-ին ստացվել է փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի մեղադրյալը համարվում է սահմանափակ մեղսունակ և ենթակա է քրեական պատասխանատվության։
2021թ-ի ապրիլի 6-ին ավարտվել է գործով նախաքննությունը և այն ուղարկվել դատարան։
2021թ-ի ապրիլի 15-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ․Լ․Գրիգորյանը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին։
Դատարանի կողմից դատական նիստերը նշանակվում են 3 ամիս ընդմիջումներով, որի վերաբերյալ
փաստաբան Արա Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարությունը։ Այն գտնվում է քննարկման փուլում։