ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2021 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Գենդերային ինքնության իրավական ճանաչման օրենքի նախագծի և հարակից փաստաթղթերի դիտարկման աշխատանքային խմբի հերթական  հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին տրանս* համայնքի հետ աշխատող հասարակական կազմակերպություններ՝ «Նոր Սերունդ», «Տրանս ազգային կոալիցիա», «Ֆիռլես», «Հանուն հզոր ապագայի», «Հավասարություն բոլորի համար», «Հանուն ազատության», «Ծնողներ հանուն հավասարության», «Հավասարություն բոլորի համար», ինչպես նաև տրանս* համայնքի ներկայացուցիներ։

 

ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց աշխատանքային խմբի ձևավորման նպատակը և ակնկալվող արդյունքները, ինչպես նաև նշվեցին բոլոր այն կառույցները և շահագրգիռ անձինք, ում տեղեկացվել է ծրագրի, աշխատանքային խմբի ստեղծման մասին և ովքեր են հրավիրվել միանալու խմբի աշխատանքներին։

 

Հանդիպման ընթացքում ՆՍՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը ներկայացրեց «Գենդերային ինքնության իրավական ճանաչման վերաբերյալ» օրենքի նախագիծը, ապա անդրադարձավ օրենքի նախագծի ընդունման հիմնավորումներին։ Քննարկման օրակարգում էր նաև ՀՀ Կառավարության համար 2008թ․-ի մարտի 27-ին ընդունված 276-Ն որոշումը ու դրանում փոփոխությունների/լրացումների կատարման հիմնավորումների ներկայացումը։

 

Մասնակիցները ակտիվ քննարկումներ ծավալեցին վերոնշյալ օրենքի նախագծի վերաբերյալ։ Հնչած բոլոր կարծիքները ամփոփվեցին կազմակերպիչների կողմից և հաշվի կառնվեն փաստաթղթի հետագա մշակման աշխատանքներում։