ՆՈՒՅՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ 2 ՏԱՐԲԵՐ ՎՃԻՌՆԵՐ․ ԸՆԴԴԵՄ «ԻՐԱՎՈՒՆՔ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-Ի ԳՈՐԾՈՎ ՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՆՑ ԿԱՅԱՑՎԵՑ ՆՈՐ ՎՃԻՌ

2025թ-ի փետրվարի 6-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (Դատարան)՝ դատավոր Ա. Դունամալյանի նախագահությամբ, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործը՝ ըստ Արման Էդուարդի Սահակյանի և Հովհաննես Հակոբի Մկրտչյանի հայցի ընդդեմ պատասխանողներ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և Հովհաննես Արտաշեսի Գալաջյանի, կայացրել է վճիռ։

 

Դատարանը վճռել է քաղաքացիական գործի վարույթը կարճել պատասխանող Հովհաննես Գալաջյանի մահվան հիմքով։ Միաժամանակ, Դատարանը մերժել է Արման Էդուարդի Սահակյանի և Հովհաննես Հակոբի Մկրտչյանի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի՝ հիմնավորելով, որ լրատվական գործունեություն իրականացնող «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն (հրապարակողը) Հոդվածը հրապարակելիս բացահայտել է հրապարակվող նյութի հեղինակին` նշելով Հովհաննես Գալաջյանի անունը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հայցվորների ներկայացրած հայցին պետք է պատասխաներ, այսինքն՝ լիներ պատշաճ պատասխանող, միայն Հովհաննես Գալաջյանը, այլ ոչ թե «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) համարում է, որ Դատարանի կողմից կայացված վճիռը անարդար է, քանի որ նախորդ երկու դատական ակտերով հաստատվել էին վիրավորանքի և զրպարտության փաստերը։ ՆՍՀԿ-ն համոզված է, որ արդարադատությունը պետք է հիմնվի իրավունքի գերակայության վրա, ուստի պատրաստվում է բողոքարկել այս վճիռը ՀՀ վերաքննիչ դատարան՝ արդարությունը վերականգնելու նպատակով։

 

Գործի նախապատմությունը։  

 

17.05.2014թ. www.iravunk.com առցանց լրատվական կայքում «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված է հրապարակվել, որը հեղինակել է լրագող Հովհաննես Գալաջյանը։ Հոդվածում տեղ են գտել Գրիգոր Գևորգյանի, Արման Սահակյանի և Հովհաննես Մկրտչյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող՝ վիրավորող և զրպարտող տեղեկություններ։

 

«Իրավունքի» կողմից «ցուցակագրված» Գրիգոր Գևորգյանի, Արման Սահակյանի և Հովհաննես Մկրտչյանի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի, Հովհաննես Գալաջյանի, iravunk.com ինտերնետային լրատվական կայքում հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածը հերքելուն և հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, յուրաքանչյուրին որպես պատճառված վնաս 3,000,000․00 ՀՀ դրամ գումար փոխհատուցելուն պարտավորեցնելու, Հովհաննես Գալաջյանի կողմից հայցվորների նկատմամբ դրսևորված խտրականության և ատելության հրահրման փաստը հաստատելուն,  դատական ակտի եզրափակիչ մասում հայցվորների նկատմամբ խտրականության և ատելության հրահրման փաստի հաստատումը iravunk.com ինտերնետային լրատվական կայքում հրապարակելուն պարտավորեցնելու  պահանջների մասին:

 

 

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.06.2014 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ։

 

2015թ. մայիսի 14-ի վճռով դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով պատասխանողներին հրապարակման միջոցով հերքել հոդվածում տեղ գտած արատավորող, վիրավորական արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից: Պատասխանողից հօգուտ հայցվորների նշանակվել է նաև զրպարտության համար փոխհատուցման զգալի գումար: Խտրականության (ատելության խոսքի) մասով հայցը մերժվել է Քաղաքացիական օրենսգրքում նյութաիրավական հիմքի բացակայության հիմքով։

 

Հայկ Բաբուխանյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2016 թվականի որոշմամբ 14.05.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղազարյանի կողմից դիմում է ներկայացվել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ) այն բանի համար, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2016 թվականի մայիսի 26-ի որոշումը, որով չեղյալ է հայտարարվել իրենց օգտին կայացված վերջնական վճիռը, որով համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի` խախտում է իրավական որոշակիության սկզբունքը։

 

2021թ․-ի մարտի 9-ին ՄԻԵԴ-ի կողմից գործը կոմունիկացվել է։

2020թ-ի փետրվարի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է վճիռ, որով հայցը մասնակի բավարարվել է՝ պարտավորեցնելով «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին հրապարակման միջոցով հերքել  «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածում հրապարակված զրպարտիչ տեղեկությունները՝ կապված հայցվորների կողմից երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու՝ վիրավորելու և ծաղրելու հետ և պարտավորեցրել Հովհաննես Գալաջյանին հրապարակած վիրավորական արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներ Գրիգոր Դավթի Գևորգյանից, Արման Էդուարդի Սահակյանից, Հովհաննես Հակոբի Մկրտչյանից:

 

Վճռի դեմ հայցվոր և պատասխանող կողմերը վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը 2020թ-ի մայիսի 5-ին ընդունվել է վարույթ։

 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2020թ․-ի նոյեմբերի 16-ին որոշում է կայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ․-ի փետրվարի 13-ի վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

 

2021թ․-ի մայիսի 17-ին Դատարանի կողմից որոշում է կայացվել գործն ընդունել դատական վարույթ, և նշանակվել է նախնական դատական նիստ։ Գործը վարույթ ընդունելուց հետո նշանակվել են թվով 6 դատական նիստեր, որոնցից մեծ մասը տեղի չեն ունեցել, իսկ 2023թ․-ի  փետրվարին գործով դատավորի լիազորությունների դադարեցման հիմքով այն մակագրվել է այլ դատավորի՝ Ա․Դունամալյանին։