ՄԻԱՎ ԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՀԵՌԱՆԱԼ ԶԻՆԿՈՄԻՑ, ՈՐՊԵՍԶԻ ՉՎԱՐԱԿԻ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ
2024թ․-ի հունվարի 16-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել ՀԿ-ի շահառու Ա․Ա․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, որ 2023թ․-ի դեկտեմբերին, ՄԻԱՎ դրական կարգավիճակով պայմանավորված, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Վերջինիս զինվորական կոմիսարիատից հայտնել են, որ զինվորական գրքույկը պատրաստ կլինի տվյալ ամսվա վերջին, և պատրաստ լինելուն պես իրեն կտեղեկացնեն։
Նշված ժամկետում տեղեկատվություն չլինելու պատճառով Ա․Ա․-ն 2024 թ․-ի հունվար ամսվա սկզբներին այցելել է զինկոմիսարիատ, որտեղ նրան վիրավորել են, ասելով, որ ցանկալի չէ, որ «սպիդովկեկը» անընդհատ գնան այնտեղ, երբ գրքույկը պատրաստ լինի, կկանչեն։ Ա․Ա․-ն վերջիններից պահանջել է իր հետ հարգանքով խոսել և պարզաբանել է, որ դեռևս վաղուց պետք է պատրաստ լիներ իր զինգրքույկը և իրենք բավականին ուշացրել են։ Ա․Ա․-ն ստիպված հեռացել է։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն անձին տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն, իրավաբանը կապ է հաստատել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ՝ ճշտելու անձի զինվորական գրքույկի հետ կապված հարցերը։ Նախարարությունից տեղեկացրել են, որ գրքույկը վաղուց պատրաստ է, և անձը կարող է մոտենալ իր զինկոմիսարիատ և վերցնել այն։
2024թ-ի հունվարի 17-ին Ա․Ա․-ն կրկին այցելել է զինկոմիսարիատ։ Նրան ուղղորդել են պետի մոտ, ով սեղանի վրա կոպիտ ձևով գցել է Ա․Ա․-ի փաստաթղթերը, և ասել, որ շուտ վերցնի և հեռանա, քանի բոլորին չի վարակել։
Տեղի ունեցած խտրական դրսևորումների վերաբերյալ անձը չի ցանկացել որևէ ընթացք տալ, քանի որ վախեցել է իր առողջական վիճակի մասին տեղեկատվության բացահայտումից, ինչը հնարավոր է հանգեցնի կրկնակի խտրականության։