ՀՀ ՆԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՍԵՐՈւՆԴ ՀԿ-Ի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՐԱՆՈՒՄ

2023թ-ի նոյեմբերի 24-ին երեկոյան 21։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության (ՆԱՀՎ) աշխատակիցները առանց որևէ օրինական հիմնավորման այցելել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ին (ՆՍՀԿ) պատկանող ժամանակավոր ապաստարան։  

ՆԳՆ ՆԱՀՎ աշխատակիցները ՆՍՀԿ ապաստարանի աշխատակցին պարտադրել են բացել դուռը՝ նշելով, որ իրենք պարտադիր պետք է հանդիպեն Ֆաթիմա Զուրաբովայի հետ։ ՆՍՀԿ աշխատակիցը պահանջել է ներկայացնել որևէ փաստաթուղթ, որի հիման վրա նրանք իրավունք ունեն գտնվել ՆՍՀԿ-ի ապաստարանում, սակայն վերջիններս միայն հայտնել են, որ իրենց այցի նպատակն է զրուցել Ֆաթիմայի հետ և ճշտել իր անվտանգության հետ կապված որոշակի հարցեր։ 

Ֆաթիմա Զուրաբովան ներկայացել է ոստիկաններին, սակայն չի ցանկացել նրանց հետ զրուցել առանց փաստաբանի ներկայության, մինչդեռ վերջիններս պնդել են զրուցելու անհրաժեշտության փաստը։  

Այնուհետև հեռախոսակապի միջոցով ապաստարան այցելած ՆԳՆ աշխատակիցների հետ զրուցել է ՆՍՀԿ իրավաբանը և պահանջել ներկայացնել իրականացվող գործողությունների օրինական հիմնավորումները, սակայն վերջիններիս կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել։ ՆՍՀԿ իրավաբանը Ֆաթիմայի ցանկությամբ, ինչպես նաև հաշվի առնելով ՆԳՆ աշխատակիցների անօրինական գտնվելը ՆՍՀԿ ապաստարանի տարածքում, պահանջել է ՆԳՆ աշխատակիցներին հեռանալ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հարցին անդրադառնալ աշխատանքային օրվա ընթացքում վերջիններիս կողմից համապատասխան իրավական հիմնավորումների առկայության պայմաններում։ Սակայն ՆԳՆ աշխատակիցները չեն հեռացել ապաստարանի տարածքից և շարունակել են Ֆաթիմային հարցեր ուղղել։ Այն բանից հետո, երբ Ֆաթիման հրաժարվել է պատասխանել նրանց հարցերին, վերջիններս հեռացել են ապաստարանից, սակայն շարունակել են գտնվել ապաստարանից դուրս հարակից տարածքում։  

Երեկոյան 21։30-22։00 սահմաններում ՆՍՀԿ իրավաբանի հետ կապ է հաստատել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Պարոն Մարտիրոսյանը ներկայացրել է, որ իրենք ուսումնասիրություն են սկսել ոստիկանության բաժնում տեղի ունեցած իրադարձությունների առթիվ, որի մասին տեղեկատվություն է տարածվել լրատվամիջոցներով։ 

ՆՍՀԿ իրավաբանի հարցին, թե որտեղից են տեղեկացել ՆՍՀԿ-ի ապաստարանի տարածքի վայրի  մասին, վերջինիս կողմից որևէ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել։  

Մարտիրոսյանը խնդրել է թույլ տալ վարչության աշխատակիցներին Ֆաթիմա Զուրաբովայից բացատրություն վերցնել, սակայն ՆՍՀԿ իրավաբանի կողմից մերժվել է վերջինիս խնդրանքը հաշվի առնելով այն, որ իրենց կողմից չի ներկայացվել որևէ իրավական փաստաթուղթ, և այդ պահին նաև հնարավոր չի եղել ապահովել փաստաբանի ներկայությունը։ 

Արդյունքում՝  պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը քննարկել աշխատանքային օրով համապատասխան իրավական փաստաթղթերի առկայության և փաստաբանի ներգրավման պայմաններում։ 

 

Այդ ամենից հետո ՆՍՀԿ ապաստարանի հարակից տարածքում  շրջել են քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցներ, որոնք հեռացել են այն բանից հետո, երբ ՆՍՀԿ իրավաբանը և ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցը հետադարձ կապ են հաստատել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի հետ և պահանջել հեռացնել աշխատակիցներին տարածքից։ 

Այնուհետև պարզվում է, որ ոստիկանության աշխատակիցներից զանգահարել են ՆՍՀԿ հոգեբանին և ցանկացել ճշտել Ֆաթիմայի գտնվելու վայրը։ Հեռախոսազրույցի ընթացքում ոստիկանության աշխատակիցը հոգեբանին հայտնել է, որ տեղյակ են, թե նա երբ և որքան է խոսել Ֆաթիմայի հետ։ ՆՍՀԿ հոգեբանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ նշելով, որ պարտավոր չէ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել երրորդ անձանց։ 

ՆՍՀԿ-ն դեպքի մասին ահազանգել է գործընկեր տեղական և միջազգային կազմակերպություններին և ՄԻՊ-ին։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն արձանագրում է, որ ՆԳՆ ՆԱՀՎ աշխատակիցների կողմից կատարվել են հետևյալ անօրինական գործողությունները․ 

  • ՆՍՀԿ-ին վարձակալության իրավունքով պատկանող տարածքում գտնվել են առանց որևէ իրավական հիմնավորման, 
  • Ոտնահարել են ապաստարանում այդ պահին գտնվող այլ քաղաքացիների իրավունքները, բացահայտվել է ապաստարան հայցած այլ անձանց ինքնությունները, 
  • Առանց համաձայնության նկարահանել են Ֆաթիմա Զուրաբովային։ 
  • Շարունակել են հարցաքննել Ֆաթիմա Զուրաբովային առանց իր համաձայնության և փաստաբանի մասնակցության պայմաններում։ 

 

Ելնելով վերոգրյալից՝ ՆՍՀԿ-ն դատապարտում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անօրինական գործողությունները և պահանջում է՝ 

  • Գործել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ 

ՀՀ Դատախազությանը՝ 

  • Քննել և համապատասխան իրավական գնահատական տալ ՆԳՆ ՆԱՀՎ աշխատակիցների գործողություններին: 

ՀՀ ՄԻՊ-ին` 

  • Ցուցաբերել հետևողականություն և հետամուտ լինել գործի արդարացի քննությանը, 
  • Պաշտպանել անձի Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները և երաշխիքները։