ՆՍՀԿ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԱԿ-Ի ՏՍՄԻ կոմիտեի 74-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ
ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՎԵՐԱՑՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ԼԳԲՏ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ: ՆՍՀԿ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԱԿ-Ի ՏՍՄԻ ԿՈՄԻՏԵԻ 74-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ
Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկում է հետևյալ մասնակից պետությունների զեկույցները՝ Հայաստան, Բրազիլիա, Չադ, Ֆրանսիա, Կատար, Պաղեստին, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Լատվիայի հետագա ամփոփիչ դիտարկումները։
Հոկտեմբերի 3-ից 6-ը «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանը մասնակցել է ոչ ֆորմալ ճեպազրույցներին՝ Հայաստանի չորրորդ պարբերական զեկույցի քննարկմանը ընդառաջ Առողջության, իրավունքների, գենեդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ), «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և «Տրանս Ազգային Կոալիցիա» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Կոմիտեին ներկայացված համատեղ այլընտրանքային զեկույցի վերաբերյալ։
Այլընտրանքային զեկույցում և ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ, կոնսորցիումի ներկայացուցիչների կողմից, մասնավորապես, անդրադարձ է կատարվել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով Հայաստանում գերիշխող մարդու իրավունքների խախտումներին՝ հիմնականում կենտրոնանալով խտրականության բացառման, առողջության պահպանման, ընտանեկան բռնության կանխարգելման հիմնահարցերին, և կոչ անելով Կոմիտեին հետևյալ հարցարդրումները ներկայացնել Հայաստանի պետական ներկայացուցչությանը՝
➢ Որո՞նք են Հայաստանի հստակ ծրագրերը և ժամկետները՝ պաշտոնական փաստաթղթերում գենդերի նշումի փոփոխության ընթացակարգի հաստատման և իրականացման համար, որպեսզի ապահովվի տրանս անձանց գենդերային ինքնության իրավական ճանաչման հասանելիությունը։
➢ Հաշվի առնելով, որ ատելության հանցագործությունների պաշտպանված հիմքերի ցանկում բացակայում է սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը (ՍԿԳԻ)՝ ինչպե՞ս է Հայաստանը մտադիր հասցեագրել և պայքարել ԼԳԲՏ համայնքի հանդեպ բռնությունների դեմ:
➢ Ինչո՞ւ Հայաստանը ՍԿԳԻ-ն չի ներառում որպես պաշտպանված հիմք խտրականության դեմ պայքարի օրենքում (նախագծում և համապատասխան այլ օրենսդրական ակտերում): Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այս իրավիճակի փոփոխության և ՍԿԳԻ հիմքով խտրականությունից համապարփակ պաշտպանություն ապահովելու համար։
➢ Ե՞րբ կարելի է ակնկալել, որ Հայաստանը կվերացնի ԳԲՏ անձանց պիտակավորումը՝ որպես հոգեկան հիվանդություն ունեցող անձինք, զորակոչի ընթացքում։ Հայաստանը ի՞նչ աշխատանք է իրականացնելու՝ ուղղված այս խտրական գործընթացի կասեցմանը, միևնույն ժամանակ զինծառայության ընթացքում ԳԲՏ անձանց անվտանգության, նրանց հանդեպ իրավահավասար ու արժանապատիվ վերաբերմունքի ապահովմանը։
➢ Ի՞նչ ռազմավարություններ և պարտավորություններ է նախատեսում որդեգրել Հայաստանը՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համապատասխան խնամք և աջակցություն ցուցաբերելու համար: Ինչպե՞ս է Հայաստանը երաշխավորելու, որ իր առողջապահական քաղաքականությունը համապատասխանի այդ պարտավորություններին:
➢ Ինչպե՞ս է Հայաստանը նախատեսում փոխել ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելության և խտրականության ներկայումս գերիշխող նարատիվը: Ի՞նչ կոնկրետ գործողություններ են ձեռնարկվելու՝ հանրային վերաբերմունքը փոխելու, հանդուրժողականությունը խթանելու և բացասական կարծրատիպերին հակազդելու համար: