ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ TRANSIT-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2023 թվականի սեպտեմբերի 12-15-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ դասընթացավարների վերապատրաստման դասընթաց TRANSIT-ի վերաբերյալ։ Այն տրանսգենդեր անձանց շրջանում ՄԻԱՎ-ի և ՍՃՓՎ-ների համապարփակ ծրագրերի իրականացման գործնական ուղեցույց է, որը մշակվել է առողջապահական ոլորտում առաջատար կառույցների կողմից՝ ԱՀԿ, UNDP, UNAIDS և այլն։

Դասընթացի առաջին երկու օրերին մասնակիցները միջազգային փորձագետ Ելենա Գերմանի օգնությամբ ծանոթացան ուղեցույցի հիմնական բաժիններին, ինչպես նաև զարգացրին դասընթացավարական հմտությունները՝ մասնավորապես խոսելով դասընթացի մեթոդների և գործիքակազմի, «դժվար» մասնակիցների, գործնական այլ հմտությունների մասին։ Մասնակիցներին տրվեց տնային առաջադրանք՝ փոքր խմբերով պատրաստելու տարբեր թեմաներով մինի դասընթացներ և ներկայացնելու դասընթացի կազմակերպչական թիմին։ Երկրորդ օրվա ընթացքում թիմերը ներկայացրին տնային առաջադրանքները, ստացան հետադարձ կապ դասընթացավարներից, ինչպես նաև քվեարկությունների միջոցով ընտրվեցին լավագույն թիմն ու անհատ դասընթացավարը։

Դասընթացի վերջին երկու օրերը անցկացրեց ազգային փորձագետ Հմայակ Ավետիսյանը։ Նա սկզբում ներկայացրեց ազգային ռազմավարական տեղեկությունը տրանս* անձանց վերաբերյալ, մասնավորապես՝ ԻՎԿՀ 2021-ի արդյունքները, ՄԻԱՎ-ի կասկադը, ՄԻԱՎ-ի ազգային տրանս* սպեցիֆիկ փաթեթը։ Հաջորդիվ գործնական վարժությունների և թիմային աշխատանքների միջոցով մասնակիցները վեր հանեցին տրանս* խնդիրներն ու առաջնահերթությունները, որոնք պետք է տեղ գտնեն թարմացվող ադվոկացիոն պլանում։

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։