ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՀՀ ԱՆ «ԱՐԹԻԿ» ՔԿՀ-ՈՒՄ

2023թ․ի սեպտեմբերի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի շրջանակներում մեկնարկեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) ազատազրկված անձանց կարողությունների զարգացման դասընթացների շարքը։

 

Դասընթացների նպատակն է տեղեկատվական կրթական հանդիպումների միջոցով զարգացնել Հայաստանի ՔԿՀ-ների ազատազրկված անձանց կարողությունները և առաջնորդությունը ՄԻԱՎ-ի, տուբերկուլոզի, մեթադոնային փոխարինող բուժման և առողջության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել կրթատեղեկատվական ու կանխարգելիչ նյութեր։

 

Առաջին դասընթացը տեղի ունեցավ 2023թ․-ի սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում։

 

Դասընթացը մեկնարկեց «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի, հեպատիտների կանխարգելումը ազատազրկված անձանց շրջանում» թեմայով, որը վարեց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը։ Այնուհետև ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մանկական բաժանմունքի ղեկավար, բժիշկ-ֆթիզիատոր/մանկաբույժ Անիկ Ուլումյանը ներկայացրեց «Տուբերկուլոզի կանխարգելումը ազատազրկված անձանց շրջանում» թեման։ Դասընթացի վերջին թեման «Առողջության իրավունք»-ն էր, որը վարեց ՆՍՀԿ փորձագետ, փաստաբան Անահիտ Մկրտչյանը։

 

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր, ինչպես նաև վերջիներս ունեցան անհատական խորհրդատվությունների հնարավորություն թե բժիշկների, թե փաստաբանի հետ։

 

Դասընթացները իրականացվում են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից` ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ։

 

Դասընթացների իրականացմանը աջակցում են նաև ՀՀ Արդարադատության նախարարությունը և ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։