«Դատապարտյալների կրթության իրավունքը»․ ՆՍՀԿ-ն մեկնարկում է նոր ենթադրամաշնորհային ծրագիր

2023թ.-ի հուլիսի 1-ից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ), ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում (www.juremonia.am) մեկնարկում է «Դատապարտյալների կրթության իրավունքը» ենթադրամաշնորհային ծրագիրը։

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացնելու է 2022թ-ի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի լրացման արդյունքում քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող 19 և բարձր տարիքի դատապարտյալների համար իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի ուսումնասիրություն և վերլուծություն։

Ուսումնասիրությունը ներառում է գրասեղանային հետազոտություն, միջազգային փորձի ուսումնասիրություն, փորձի փոխանակում միջազգային փորձագետի հետ, հարցազրույցներ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, հանրակրթական ծրագրում ընդգրկված և ծրագրից դուրս մնացած դատապարտյալների, ինչպես նաև ՍՀԻԱ բաժնի հետ։