LIFE Տեղեկատվական հարթակ- Հպարտության ամսվա միջոցառումների ամփոփում

2023 թվականի հունիսի 26-ից 27-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն՝ որպես Հպարտության ամսվա եզրափակում, կազմակերպել էր խոցելի խմբերի համար նախատեսված  տեղեկատվական հարթակ, որին մասնակից դարձան 30-ից ավելի խոցելի խմբերի ներկայացուցիչներ։

Տեղեկատվական հարթակի նպատակն էր խոցելի խմբերի ու պետական, միջազգային և տեղական կառույցների, առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների և ոլորտի փորձագետների համար  ստեղծել հաղորդակցության, կարծիքների և փորձի փոխանակման, ինչպես նաև ինֆորմացիայով և առաջարկություններով կիսվելու հնարավորություն։

 

Քննարկման առաջին օրը կրում էր «Առողջապահական ծառայությունների հասանելիություն և կայունություն» խորագիրը, որին մասնակցեցին ՀՀ Առողջապահության նախարարության, տեղական և միջազգային բժշկական հաստատությունների, ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Քննակվեցին այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ հանրային առողջությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրերը, առողջապահական ծառայությունների հասանելիությունը։

 

Քննարկման երկրորդ օրը ուղղված էր Հայաստանում խոցելի խմբերի իրավունքներին։ Քննարկմանը մասնակցեցին իրավական ոլորտի փորձագետներ, իրավապաշտպաններ և դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներ։ Քննարկվեցին խոցելի խմբերի իրավունքներին առնչվող տարբեր հիմնախնդիրներ, արձանագրվեցին խոցելի խմբերի շահերի պաշտպանության հարցում վերջին  տարիների ընթացքում` օրենսդրական, ՀԿ ոլորտում, հասարակության իրազեկման մեջ առկա ձեռքբերումներն ու առկա թերությունները։

Քննարկման հարթակները ընթացան ակտիվ հարց ու պատասխանների մթնոլորտում, մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, ստացան իրենց հուզող շատ հարցերի պատասխաններ, հանդես եկան առաջարկություններով և կիսվեցին  ոլորտում առկա հիմնախնդիրներին վերաբերող իրենց մտահոգություններով։