ՏՐԱՆՍ* ԱՆՁԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
2022թ-ի օգոստոսի 18-ին Վանաձոր քաղաքի փողոցներից մեկում Հ․Ա․-ն զբոսնելիս է եղել, երբ իրեն մոտեցել են երկու անծանոթ անձինք։ Անծանոթներն անմիջապես հարձակվել են Հ.Վ․-ի վրա և ծեծի ենթարկել՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին։ Հետո դանակը պահել են Հ․Վ-ի ուղղությամբ՝ պահանջելով, որ հեռանա իրենց քաղաքից, քանի որ նա տրանս կին է, և դա իրենց համար ամոթ է։ Միաժամանակ սպառնացել են, որ եթե նա չհեռանա, ապա կսպանեն։ Հ․Ա․-ն ահազանգել է ոստիկանություն։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բոլորին տարել են ոստիկանական բաժանմունք։ Սակայն նյութերում մեղավոր անձանց մասին տեղեկություններ չկան։ Բաժնում տուժողից հաղորդում վերցնելիս ոստիկանները թույլ չեն տվել զանգ կատարել և հաղորդման մեջ նշել ստացված մարմնական վնասվածքների մասին։
2022թ-ի օգոստոսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարության քննիչ, առաջին դասի խորհրդական Ա․Ա․ Վերմիշյանի որոշմամբ միացվել են 2022թ-ի հունիսի 5-ի լույսի 6-ի գիշերը Լճեր կոչվող հատվածում Հ․Ա․-ին ծեծի ենթարկելու և օգոստոսի 18-ի ծեծի գործերը։
2022թ-ի օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարության քննիչ Ա․Գ․ Ցախկլորյանի որոշմամբ Հ․Ա․-ն ճանաչվել է տուժող։
Հ․Ա․-ն ՆՍՀԿ է դիմել դեպքից մոտ մեկ ամիս անց։ ՆՍՀԿ-ի կողմից ցուցաբերվել է աջակցություն և կազմվել բողոք ոստիկանության աշխատակիցների կողմից հաղորդում վերցնելու ընթացքում թույլ տված իրավախախտման փաստի առթիվ։ Հ․Ա․-ին տրամադրվել է դատաբժշկական փորձաքննություն անցնելու մասին ուղեգիր։
2023թ-ի հունվարից գործում ներգրավվել է ՆՍՀԿ փաստաբան Ա.Զալյանը։
2022թ-ի օգոստոսի 22-ի որոշմամբ միացված գործերը 2023թ-ին առանձնացվել են և քննվում են առանձին վարույթների շրջանակներում։
Գործերի նախաքննությունները շարունակվում են։
ՆՍՀԿ-ն գործի ընթացքի մասին լրացուցիչ կլուսաբանի։