ՆՍՀԿ ԱՈՒԹՐԻՉՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԻԱՎ-ը՝ Մարդու իմունային անբավարարության վիրուսը, ժամանակին ախտորոշելու դեպքում լիովին վերահսկելի է, այնինչ մինչ օրս շատերը ՄԻԱՎ-ը նույնացնում  են ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի հետ և ախտորոշումը համարում մահվան դատավճիռ: Իրականում ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի վերջնային փուլն է: ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարբերաբար հետազոտվելը կօգնի ժամանակին հայտնաբերել և վերահսկել այն:

 

2022թ․-ի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» (ԻՀԱԿ) տեղի ունեցավ հերթական վերապատրաստման դասընթացը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի խորհրդատուների համար։ Դասընթացը կարևոր է նրանով, որ անմիջականորեն թիրախ խմբերի հետ աշխատող անձինք, այս դեպքում՝ աութրիչները, ամրապնդում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրենց գիտելիքների պաշարներն ու ձեռք են բերում համապատասխան մասնագիտական հմտություններ իրենց իսկ շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցկացնելու համար: Սա իր հերթին հնարավորություն է ստեղծում այս հետազոտությունը դարձնել առավել հասանելի այն խմբերի համար, որոնց հետ աշխատում է կազմակերպությունը:

 

Դասընթացի սկզբում մասնակիցները ծանոթացան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի իրավիճակին Հայաստանում, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերին, ՄԻԱՎ-ի կանխարգելուման, թեստավորման կարևորության և բուժման ընթացքին։

 

Այնուհետև մասնակիցները հնարավորություն ունեցան կիսելու իրենց անձնական փորձը մյուսների հետ։ Դերային խաղերի միջոցով աութրիչները ամրապնդեցին իրենց գիտելիքները, սովորեցին ինչպես վարվել տարբեր իրավիճակներում։ Թիմային աշխատանքների միջոցով նրանք նաև առանձնացրին փուլերը, որոնք ներառում է աութրիչ աշխատանքը գործնականում։

 

ԻՀԱԿ բժշկուհի Ելենա Սիլկան մասնակիցներին ներկայացրեց ՄԻԱՎ վարակի կլինիկական ընթացքը, հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման սկզբունքները և ՀՌՎ բուժման նպատակները, ապա գործնականում իրականացրին թեստավորում և ծանոթացան ՄԻԱՎ-ի ախտորոշման լաբորատորիայի աշխատանքներին։ Այնուհետև բժշկուհի Թամարա Հովսեփյանի հետ մասնակիցները բացահայտեցին ինքնաթեստավորման առանձնահատկությունները, սովորեցին հետազոտության արդյունքների ճիշտ մեկնաբանումը։

 

Դասընթացը ամփոփեց ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի սեռավարակների բաժանմունքի վարիչ, մաշկաբան-վեներոլոգ Էմիլ Միրզոյանը, ով մասնակիցներին տրամադրեց տարրական գիտելիքներ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ՝ շահառուներին խորհրդատվություն տրամադրելու և թեստավորելու ընթացքում առավել պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու համար։ Բժիշկը մասնակիցներին ներկայացրեց սեռավարակների տեսակները, դրանց փոխանցման ուղիները, կանխարգելման ու բուժման եղանակները։ Հատուկ անդրադարձ կատարվեց նաև ՄԻԱՎ-ի կանխարգելման եղանակներին՝ հաշվի առնելով ՆՍՀԿ աութրիչ աշխատողների աշխատանքային առանձնահատկությունները և թեստավորման ընթացքում նրանց գիտելիքների կարևորությունը։ Թեմայի քննարկումն ուղեկցվեց ակտիվ հարցադրումներով և պարզաբանումներով։

 

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեց հավաստագրեր։

 

 

«ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների, տրանս անձանց շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում» ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից` ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ։