ՆՍՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԻԼԳԱ-ՎՈՐԼԴ-Ի ԿԱՆԱՆՑ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ

2022թ․ի հոկտեմբերի 19-20-ը, տեղի ունեցավ ԻԼԳԱ-Եվրոպայի ամենամյա համաժողովը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։

Առերես հանդիպումների եռամյա դադարից հետո, համաժողովը կրկին մեկ տեղում միավորեց շարժումը՝ ընդգծելով միմյանց հետ կապը վերահաստատելու, իրար համերաշխություն հայտնելու և ոգեշնչելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։

 

Այս տարվա համաժողովը կազմակերպվել էր «Ձևավորելով գալիք աշխարհը» կարգախոսի ներքո՝ երկու առանցքային ուղղություններով։

 

Առաջինը՝ «Ստեղծել դաշինքներ փոփոխվող համատեքստերում» թեման էր՝ անդրադարձ նրան, թե ինչպես միավորել ուժերը և աշխատանքը՝ տարբեր հակադեմոկրատական և հակա-ԼԳԲՏԻ ուժերին ու ճգնաժամերին հակազդելու համար, նաև ինչպես ձևավորել խաչաձևվող շարժումների նարատիվներ՝ միավորման և դրական փոփոխությունների հասնելու նպատակով։

 

Երկրորդ ուղղությունը «Հավաքական ճկունություն շարժման մեջ» թեման էր, որի շրջանակներում քննարկվեցին շարժման ռեսուրսների ապահովման, կազմակերպական գործընթացների պլանավորման, անվտանգության և ապահովության խթանման, մշտապես կապի մեջ լինելու և փոփոխվող համատեքստերին արձագանքելու հարցերը։

 

Համաժողովը ներառում էր նաև Ընդհանուր Ժողովի հանդիպումներ, աշխատարաններ, ինչպես նաև ԻԼԳԱ-Եվրոպայի գործադիր խորհուրդի, ԻԼԳԱ-Վորլդի տարածաշրջանային խորհուրդի և ինտերսեքս, տրանս անձանց, կանանց և երիտասարդների ղեկավար կոմիտեների անդամակցության քվեարկություն և ընտրություն։

 

ԻԼԳԱ-Վորլդի անդամ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) մարդու իրավունքների և շահերի պաշտպանության համակարգող Ալինա Միրզոյանը մասնակցում էր համաժողովին, ինչպես նաև թեկնածություն էր ներկայացրել ԻԼԳԱ-Վորլդի կանանց ղեկավար կոմիտեի անդամակցության համար, որը հաստատվեց քվեարկության արդյունքներով։

 

«Անչափ ոգևորված եմ ԻԼԳԱ-Վորլդի կանանց ղեկավար կոմիտեում Հայաստանի կանանց, հատկապես խոցելի ու մարիգինալացված կանանց համայնքների շահերը և խնդիրները ներկայացնելու, տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, գերիշխող գենդերային հիմքով խտրականության, բռնությունների և անհավասարության դեմ պայքարի սեփական փորձով կիսվելու և կոմիտեի այդ պայքարում իմ ներդրումն ունենալու հնարավորությամբ։ Վստահ եմ միասին կմշակենք արդյունավետ ու նորարական մեխանիզմներ՝ տարածաշրջանում գենդերային հավասարության հաստատման ոլորտում զգալի բարեփոխումներ իրականացնելու համար,» — նշում է Ալինա Միրզոյանը։

 

Ալինային մաղթում ենք արդյունավետ գործունեություն կոմիտեի կազմում, ինչպես նաև Հայաստանում ու տարածաշրջանում գենդերային հավասարության հաստատմանն ուղղված նպատակների իրականացում։