COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ․ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2022թ․—ի սեպտեմբերի 28-30—ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՄԻԱՎ—ի կանխարգելման ծրագրերի շահառու խմբերի (ՏՍՏ, ԿՍԿ և տրանս) ներկայացուցիչների կարողությունների զարգացման դասընթաց, որը կազմակերպել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ—ն (ՆՍՀԿ)։ Դասընթացի նպատակ էր շահառու խմբերի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել իրազեկությունը ՏԲ—ի և ՏԲ—ին առնչվող ծառայությունների տրամադրման, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի, համավարակի պայմաններում աութրիչ աշխատանքի կարևորության և առանձնահատկությունների, խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ—ի կանխարգելման ծրագրերի վերաբերյալ։
Դասընթացի առաջին օրը՝ սեպտեմբերի 28-ը, մեկնարկեց ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի մշտադիտարկման բժշկուհի Արուսյակ Մելիքյանը խոսեց տուբերկուլոզի (ՏԲ) մասին։ Նա մասնավորապես անդրադարձավ ՏԲ-ի համաճարակաբանական իրավիճակին Հայաստանում, մանրամասն ներկայացրեց ՏԲ-ի հարուցիչը, փոխանցման եղանակները, ախտանշանները, բուժման սխեմաները, այլ հիվանդությունների հետ կապը, կարևորեց պացիենտին կրթելու դերը ՏԲ-ի դեմ պայքարի գործընթացում։ Փորձագետը մատնանշեց նաև ՔՈՎԻԴ-19-ի և ՏԲ-ի կապը, ոլորտում առաջացած մարտահրավերները և ՏԲ-ի ծառայությունների անխափան տրամադրումը համավարակի պայմաններում։
Օրը շարունակեց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» համաճարակաբանի օգնական Անահիտ Բադալյանը՝
ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդությունը և համաճարակաբանությունը, ազդեցությունները, համավարակի դեմ պայքարի միջոցառումները և արդյունավետությունը, աութրիչ աշխատանքի դերը համավարակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից, բնակչության առավել ռիսկային խմբերի խոցելիությունը ՔՈՎԻԴ-ի նկատմամբ և խորհրդատվության առանձնահատկությունները, ՔՈՎԻԴ-19-ի և ՄԻԱՎ-ի կապը, պատվաստման և ՀՌՎ դեղերի ընդունման համատեղելիությունը, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ի դեմ առկա պատվաստանյութերը և դրանց առանձնահատկությունները։
Երկրորդ օրը սկսեց ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան, որը խոսեց ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին առնչվող ծառայությունների, թեստավորման կարևորության, ինչպես նաև աութրիչ աշխատանքի վերաբերյալ։
Օրվա երկրորդ կեսին ՆՍՀԿ հաղորդակցման համակարգող Լևոն Չիլինգարյանը խոսեց Հայաստանում խոցելի խմբերի շրջանում իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքներից, համավարակի պայմաններում տրամադրվող ծառայությունների անընդհատությունից, խոչընդոտներից և մարտահրավերներից։
Դասընթացի երրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ը, նվիրված էր առողջության իրավունք թեմային, որը ներկայացրեց ՆՍՀԿ իրավաբան Լուսինե Գասպարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությանը, ինչպես նաև առողջության իրավունքի խախտումների դեպքերին և ոլորտներին։
Դասընթացը անցավ ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանների մթնոլորտում, որի ընթացքում մասնակիցները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։