«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԿ-ՈՒՄ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ
2022 թվականի հուլիսի 19-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ(այսուհետ նաև ՆՍՀԿ) է դիմել շահառու Ն․Ա․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, որ 2019թ․-ի սեպտեմբեր ամսին դիմել է «Էրեբունի» ԲԿ` առողջական խնդիրների լուծման համար, և վիրաբույժ Սարիբեկ Սահարյանի կողմից ենթարկվել է շտապ վիրահատության՝ կյանքի ցուցումով։ Սակայն վիրահատությունից հետո վերջինիս առողջական վիճակը չի բարելավել և նույն ցուցումներով անձը Սարիբեկ Սահարյանի կողմից վիրահատության է ենթարկվել ևս 3 անգամ։ 2-րդ անգամ վիրահատություն կատարելուց հետո ըստ դիմողի բժշկի սխալի հետևանքով ստիպված են եղել հաջորդ օրը կրկին անհապաղ վիրահատել։ Չնայած այդ ամենին անձի առողջական խնդիրը չի կարգավորվել, որով պայմանավորված անձը բազմիցս դիմել է «Էրեբունի» ԲԿ և իրեն բուժող բժշկին, սակայն բժիշկը, անգամ ԲԿ-ն հրաժարվում են ընդունել իրենց պացիենտին։ Ավելին 2022 թվականի hուլիսի 4-ին ինքնազգացողության հերթական վատացման պատճառով անձը զանգահարել է շտապբուժօգնության ծառայություն, ժամանել է 44-րդ բրիգադը և անձին տեղափոխել «Էրեբունի» ԲԿ։ Ընդունարանում հրաժարվել են անձին ընդունել՝ անհրաժեշտ և պատշաճ բուժօգնություն չցուցաբերելով։ Վերջինս տեղում զանգահարել է իրեն բուժող բժշկին, սակայն բժիշկը կրկին զանգերին չի պատասխանել։
Անձի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ Սարիբեկ Սահարյանի պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու պատճառով։ Ավելին մինչ օրս բժիշկը հրաժարվում է որևէ բուժօգնություն տրամադրել իր պացիենտին, ասելով՝ «հո չեմ տանելու տունս պահեմ, գնա, ինչքան կապրես-կապրես»։
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն այս մասին գրավոր բողոք է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ ՀՀ առողջապահության նախարարությունը գրությամբ դիմել է «Էրեբունի» ԲԿ առաջարկելով եռօրյա ժամկետում քննության առնել բարձրացված խնդիրը և արդյունքների մասին տեղեկացնել Առողջապահության նախարարությանը: Գործը գտնվում է ընթացքի մեջ։
Պարզաբանում․
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ․
Հոդված 28․
1․Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են՝
7) ապահովել հոգատար և հարգալից վերաբերմունք պացիենտների նկատմամբ,
2. Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 31․
- Բուժաշխատողները պարտավոր են՝
1) առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով.
3) հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.
10) կատարել պացիենտի վարման գործելակարգերով և ընթացակարգերով սահմանված պահանջները՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում.
11) պահպանել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները։