ՆՍՀԿ ԱՈՒԹՐԻՉ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԻԱՎ-ը՝ Մարդու իմունային անբավարարության վիրուսը, ժամանակին ախտորոշելու դեպքում լիովին վերահսկելի է, այնինչ մինչ օրս շատերը ՄԻԱՎ-ը նույնացնում են ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի հետ և ախտորոշումը համարում մահվան դատավճիռ: Իրականում ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի վերջնային փուլն է: ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարբերաբար հետազոտվելը կօգնի ժամանակին հայտնաբերել և վերահսկել այն:
2022թ․-ի մարտի 15-16-ը ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» (ԻՀԱԿ) տեղի ունեցավ հերթական վերապատրաստման դասընթացը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) կողմից իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի խորհրդատուների համար։ Դասընթացը կարևոր է նրանով, որ անմիջականորեն թիրախ խմբերի հետ աշխատող անձինք, այս դեպքում՝ աութրիչ աշխատակիցները, ամրապնդում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրենց գիտելիքների պաշարներն ու ձեռք են բերում համապատասխան մասնագիտական հմտություններ իրենց իսկ շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցկացնելու համար: Սա իր հերթին հնարավորություն է ստեղծում այս հետազոտությունը դարձնել առավել հասանելի այն խմբերի համար, որոնց հետ աշխատում է կազմակերպությունը:
Առաջին օրը մասնակիցների համար լավ հնարավորություն էր կիսելու իրենց անձնական փորձը մյուսների հետ։ Դերային խաղերի միջոցով աութրիչ աշխատողները ամրապնդեցին իրենց գիտելիքները, սովորեցին ինչպես վարվել տարբեր իրավիճակներում։ Թիմային աշխատանքների միջոցով նրանք նաև առանձնացրին փուլերը, որոնք ներառում է աութրիչ աշխատանքը գործնականում։ Օրվա միջոցառումները ֆասիլիտացնում էր ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգման խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան։
Երկրորդ օրը նվիրված էր ավելի տեսական գիտելիքների ամրապնդմանը։Դասընթացը շարունակեց ԻՀԱԿ աշխատակից Մարինե Ասրյանը, որը խոսեց աութրիչ աշխատանքից, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության հիմնական սկզբունքներից ու հմտություններից, ինչպես նաև թեստերի տարբեր պատասխանների դեպքում խորհրդատվության առանձնահատկություններից։
Այնուհետև ԻՀԱԿ աշխատակից Զորի Միքայելյանը խոսեց սոցիալ-հոգեբանական խորհրդատվության հմտություններից և տեխնիկայից։
ԻՀԱԿ բժշկուհի Թամարա Հովսեփյանի հետ մասնակիցները բացահայտեցին ինքնաթեստավորման առանձնահատկությունները, սովորեցին թեստավորման տեխնիկան, հետազոտության արդյունքների ճիշտ մեկնաբանումը։
ՏԲ-ի վերաբերյալ խորհրդատվության առանձնահատկությունների մասին խոսեց ԻՀԱԿ բժշկուհի Աստղիկ Դավիդյանը, իսկ ՄՓԲ-ի վերաբերյալ՝ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բժշկուհի Լիլիթ Մարգարյանը։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեց հավաստագրեր։
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսից ՆՍՀԿ-ի շահառուներն արդեն իսկ հնարավորություն ունեն անվճար, գաղտնի և անանուն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել լնդային տրանսուդատի արագ թեստերի միջոցով։ Սա ենթադրում է, որ որպես խորհրդատու վերապատրաստված աութրիչ աշխատակիցը կարող է հետազոտություն իրականացնել ինչպես ՀԿ-ի գրասենյակում, այնպես էլ շահառուի տանը և այն վայրերում, որտեղ հնարավոր է ապահովել հետազոտության իրականացման համար անհրաժեշտ նախապայմանները՝ ջերմաստիճան, լուսավորություն, գաղտնիություն և այլն»։
Թեստավորման վերաբերյալ վիդեո-ուղեցույցին կարող եք ծանոթանալ ՀՂՈՒՄՈՎ։
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից` ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (ԻՀԱԿ) հետ համագործակցությամբ։