ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2022թ-ի փետրվարի 22-ին ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից իրավական ակտերի  նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft, հրապարակվեց օրենքի նախագիծ։  Առաջարկվող նախագծով սահմանվում է փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, նրա գործունեության կարգը, այդ թվում՝պահանջվող և հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը մերժելու հիմքերը:  

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն նախագծի վերաբերյալ իր առաջարկություններն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությանը։   

  • ՀՀ ԱՆ կողմից, համաձայն առաջարկության, նախագծից հանվել է ամուսինների տարբեր սեռի լինելու պահանջը։  

ՀՀ ԱՆ-ի կողմից նախագծի 17-րդ կետում ավելացվել է դրույթ, համաձայն որի ի թիվս այլ պահանջների, եթե անձը չի համապատասխանում «Ընտանեկան օրենսգրքի» և «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի  դրույթներին, ապա  հանձնաժողովի կողմից տրվում է բացասական եզրակացություն։  

  • ՀՀ ԱՆ-ի կողմից մերժվել է նախագծի 9-րդ կետի 8-րդ ենթակետում նշված պահանջից՝  «hոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից տրված և կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ վավերացված` հոգեբույժի  եզրակացության պահանջ, այն մասին, որ անձի/զույգի մոտ չեն հայտնաբերվել  ՀՀ կառավարության 2018թ. հուլիսի 19-ի N 811-որոշման հավելվածով սահմանված հիվանդություններից որևէ  մեկը», «տրանսսեքսուալիզմը» որպես բացառող հանգամանքը նշելու առաջարկը։  

 

Այն հիմնավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի  2013թ-ի սեպտեմբերի 9-ի  N871 հրամանով, որով հաստատվել է ՀՀ տեխնիկատնտեսական և սոցիալական  տեղեկատվության  «Հիվանդությունների  և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչը», որը հիմնված է ՀՄԴ 10-րդ դասակարգչի վրա։ 

 

 

 «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը նշում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ( ԱՀԿ) կողմից ՀՄԴ 10 և 11-րդ թարմացումներով «հոմոսեքսուալիզմ» և «տրանսսեքսուալիզմ» ախտորոշումները  հանվել են հոգեկան խանգարումների շարքից, մինչդեռՀՀ-ում դեռևս չեն իրականացվել համապատասխան փոփոխությունները և համապատասխանեցումները, որոնք լուրջ խնդիրներ են ստեղծում։  

Կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակելու է իրականացնել մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանն ուղղված քայլեր և հետամուտ է լինելու համապատասխան օրենսդրական փոփոխություններին։