ԼԱՅՖ-19 արտագնա տեղեկատվական հարթակ

2022 թվականի փետրվարի 24-25-ը տեղի ունեցավ «Իրազեկում և հզորացում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-19 արտագնա տեղեկատվական հարթակը, որը այս անգամ նախատեսված էր ԼԳԲՏԻ սկսնակ ակտիվիստների համար:

ԼԱՅՖ-19 արտագնա տեղեկատվական հարթակի նպատակն է ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել առաջնորդության, ակտիվիզմի և մարդու իրավունքների, խարանի և խտրականության վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին:

Բացման խոսքով հանդես եկավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով ներկայացրեց կազմակերպության պատմությունը, գործունեության ոլորտները և առաջնահերթությունները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց մասնակիցներին հետաքրքրվածության և մասնակցության համար։

Տեղեկատվական հարթակի սկզբում մասնակիցները ներկայացան՝ նշելով, թե ինչու են ցանկանում մասնակցել և ինչ են ակնկալում։

Առաջին օրը նվիրված էր «Առաջնորդություն և ակտիվիզմ» թեմային։ Դասընթացավար Սերգեյ Գաբրիելյանը մասնակիցներին ներկայացրեց առաջնորդություն հասկացությունը, առաջնորդության բնութագիրը, առաջնորդի հատկանիշները, ինչպես նաև տեսակները։ Ներկայացվեցին ԼԳԲՏ ակտիվիզմի պատմությունը, տարբեր շարժումների նախադեպերը և ակտիվիստների կարևորությունը ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Խոսվեց նաև Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աշխատանքների և որոշումների կայացման գործընթացում համայնքների ներգրավվածության կարևորության մասին։

 

Երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան «Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները» և «Խարանի և խտրականության կանխարգելում» թեմաներին, որոնք ներկայացրեց իրավաբան, դասընթացավար Լուսինե Գասպայանը՝  խոսելով մարդու իրավունքներ հասկացությունից, ներկայացնելով մարդու իրավունքները տարբեր ժամանակահատվածներում, մարդու իրավունքների սերունդները, պաշտպանության ներպետական և միջազգային համակարգերը, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ դիմելու ընթացակարգը։ Դասընթացավարը մասնակիցներին ծանոթացրեց նաև խտրականության սահմանմանը, խտրականության տեսակներին ու հիմքերին, խտրական տերմիններին և դրանց անխտրական տարբերակներին։

Հարթակի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։