ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՏՍՏ ԵՎ ՏՐԱՆՍ* ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱՎ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 4-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
2021 թվականի դեկտեմբերի 14-15-ը անցկացվեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՏՍՏ և տրանս* անձանց շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ 4-րդ տարածաշրջանային խորհրդակցությունը, որը կազմակերպել էր Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիան (ԵԿՈՄ)։
Միաժամանակ տարածաշրջանի հինգ երկրների մայրաքաղաքներում (Տաալին, Կիև, Երևան, Ալմաթի, Բիշքեկ) հիբրիդային ֆորմատով իրականացվող խորհրդակցությունը անցավ աննախադեպ ակտիվ քննարկումների մթնոլորտում։
Երևանյան հաբի կազմակերպչական հարցերը համակարգում էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ)։
Խորհրդակցության առաջին օրը տեղի ունեցան երկու քննարկումներ՝ «ԼԳԲՏ համայնքի առողջությունը, սեռական կյանքը և բարեկեցությունը ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում» և «Տրանս* անձինք 2021-ին․ կարգավորելով քաոսը և դառնալով ավելի ուժեղ»։
Երկրորդ քննարկմանը որպես խոսնակ հանդես եկավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ կարողությունների զարգացման համակարգող, ՄԻԱՎ ակտիվիստ, ՀՀ-ում ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլոզի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամ Հմայակ Ավետիսյանը, որը ներկայացրեց «ՄԻԱՎ-ի ծառայությունների կասկադը Հայաստանի տրանս* անձանց շրջանում» հետազոտությունը։ Փորձագետը նախ խոսեց Հայաստանում ՄԻԱՎ վարակի հետ կապված իրավիճակի մասին, ներկայացրեց ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում իրականացվող ՄԻԱՎ-ի ծառայությունների արդյունավետության ցուցանիշների մասին, ինչպես նաև թվարկեց այն բոլոր հենքային ցուցանիշները, որոնք օգտագործվել են կասկադի դիագրամը ստանալու համար։ Ներկայացման վերջում ընդգծվեց այն հանգամանքը, որ կասկադի առաջարկությունները օգտագործվելու են ՄԻԱՎ-ի ծառայությունների բարելավմանն ուղղված ադվոկացիոն գործընթացներում։
Խորհրդակցության երկրորդ օրը անցկացվեցին ևս երկու քննարկումներ` «ՄԻԱՎ-ի ծառայությունների իրավական խոչընդոտները հաղթահարելու միջոլորտային մոտեցումները» և «Արդյունավետ հաղորդակցությունը՝ որպես ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում օգտագործվող ադվոկացիոն գործիք»։
2021 թվականի դեկտեմբերի 17-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ դրոփ-ին կենտրոնում տեղի ունեցավ ազգային քննարկում «Քաղաքական հռչակագրերը՝ որպես օգնություն ԼԳԲՏ+ համայնքին» թեմայով, որը վարում էր ՆՍՀԿ նախագահ, ԵԿՈՄ-ի ղեկավար կոմիտեի անդամ Սերգեյ Գաբրիելյանը։ Ազգային քննարկմանը մասնակցում էին ՀՀ-ում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են ՏՍՏ և տրանս* անձանց հիմնարահարցերով՝ «Նոր Սերունդ», «Հանուն հզոր ապագայի», «Բազմազանություն», «Հանուն ազատության», «Ֆիռլես»։ Ազգային քննարկմանը ներկա էր նաև ԵԿՈՄ-ի կարողությունների զարգացման համակարգող Ելենա Գերմանը, որը փոքրիկ հարցուպատասխան ունեցով ԵԿՈՄ-ի անդամ հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Տարածաշրջանային խորհրդակցությունը անցավ չափազանց ակտիվ քննարկումների և հարցուպատասխանների մթնոլորտում, այն հույսով, որ հաջորդ տարեվերջին կհանդիպենք արդեն 5-րդ խորհրդակցության շրջանակներում։