ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ․ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ՆՍՀԿ-ՈւՄ

2021թ-ի սեպտեմբերի 10-ից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «ՄԻԱՎ վարակի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «Իրազեկ և պաշտպանված» խորագրով դասընթացների շարքը։ Դասընթացների նպատակն է զարգացնել ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի կարողությունները սեռականության, առաջնորդության, ՄԻԱՎ-ի կանխարգելման, առողջության իրավունքի ոլորտներում, նպաստել շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվտանգ սեռական վարքագծի ձևավորմանը և որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվածությանը։

 

Դասընթացի առաջին օրը փորձագետ Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց «Սեռականություն» թեման, որի շրջանակներում մասնակիցները խմբային խաղերի, ոչ ֆորմալ կրթական միջավայրի միջոցով ծանոթացան բարդ թեմային, բացահայտեցին սեռականության կոմպոնենտները, սկսեցին մտածել իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին, տարբերեցին մի շարք կարևոր տերմիններ, ինչպիսիք են սեռական վարքագիծը, սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։

 

Դասընթացը շարունակեց փորձագետ Լևոն Չիլինգարյանը, որը ներկայացրեց «ՄԻԱՎ-ի կանխարգելումն ու թեստավորման կարևորությունը» թեման։ Դասընթացավար-փորձագետը խոսեց ՄԻԱՎ վարակի, փոխանցման ուղիների, ՄԻԱՎ-ի թեստավորման եղանակների և կարևորության մասին։ Քննարկումների արդյունքում  մասնակիցները հասկացան ՄԻԱՎ-ի նկատմամբ անվտանգ սեռական վարքագիծ ձևավորելու, ինչպես նաև պարբերաբար թեստավորվելու կարևորությունը։

 

Դասընթացների շարքը ամփոփեց կազմակերպության իրավաբան Շուշան Խնկոյանը, որը ներկայացրեց «Առողջության իրավունք» թեման։ Նա խոսեց բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս մարդու իրավունքներից, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակներից, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների իրավունքներից և պարտականություններից, ինչպես նաև ՄԻԱՎ  վարակից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքից։

 

Դասընթացների շարքը իրականացվել է ջերմ մթնոլորտում, որտեղ մասնակիցները հնարավորություն են ունեցել հղելու հարցեր, կատարելու մեկնաբանություններ և ստանալ սպառիչ պատասխաններ։

 

 

 

 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: