ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԵԼ

2021թ-ի օգոստոսի 9-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել  շահառու Հ․Մ․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, որ Օդնոկլասնիկի սոցիալական ցանցում անծանոթ անձ կեղծ էջ է բացել և ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված Հ․Մ-ի էջի նկարները ներբեռնել է այդ Օդնոկլասսնիկի կեղծ էջ։ Կեղծ օգտատերը նաև սեռական ծառայությունների վերաբերյալ հայտարարություններ է տեղադրում, ինչպես նաև նկարներին կից շահառուի պատիվը և արժանապատվությունն արատավորող մեկնաբանություններ կատարում։ Կեղծ օգտատերը օդնոկլասնիկի էջը նաև տարածում է Հ․Մ․-ի բարեկամների ու ընկերների շրջանում և նպատակ է հետապնդում վերջինիս նույնասեռական լինելու մասին տեղեկատվությունը տարածել/բացահայտել։ Շահառուն օդնոկլասնիկի սոցիալական ցանցի ծառայության բաժին է դիմել էջը հեռացնելու համար, սակայն մինչ օրս այն չի հեռացվել։  

Ստիպված Հ․Մ.-ն 2021թ-ի հուլիսի 29-ին  մոտեցել է ՀՀ Ոստիկանության Շահումյանի բաժին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար։ Ընդունարանի աշխատակցին Հ․Մ.-ն հայտնել է, թե ինչ դեպքի առթիվ է ցանկանում ներկայացնել հաղորդում, սակայն հերթապահ ոստիկանը հրաժարվել է այն ընդունել, ասելով թե իրենք նմանատիպ հաղորդումներով չեն զբաղվում։ 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբանի կողմից տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն։ 

 

 «Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է այն, որ անձի ենթադրյալ կամ իրական սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված հանցագործության դեպքերը իրավապահ մարմինների կողմից պատշաճ արձագանք չեն ստանում։ ՆՍՀԿ-ն հետևողական է լինելու գործի արդարացի լուծմանը»,- նշում է ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։ 

  

 Պարզաբանում 

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք․ 

  • Քրեական գործ հարուցելու առիթներն են հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին․․․ 
  • Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր 
  • Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը՝ 

—  քրեական գործ հարուցելու մասին. 

— քրեական գործ հարուցելը մերժելու մասին. 

— հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին: