«Նախակոնտակտային կանխարգելումը՝ որպես ՄԻԱՎ-ի կանխարգելման ժամանակակից և արդյունավետ մեթոդ» ներկայացնում է միջազգային փորձագետը
2021թ․-ի օգոստոսի 3-ից 6-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (ՆՍՀԿ) հրավերով Գերմանիայից Հայաստան էր ժամանել Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) առողջության հարցերով փորձագետ, բժիշկ-վարակաբան Նիկոլայ Լունչենկովը։
Այցի նպատակն էր իրականացնել աշխատանքային հանդիպումներ ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման (ՆԿԿ) վերաբերյալ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման ծրագրերի պլանավորման և իրականացման մեջ ներգրավված կողմերի, ՀՀ-ում ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման հարցերով զբաղվող բուժաշխատողների և ՆՍՀԿ աութրիչ-աշխատակիցների հետ։
Օգոստոսի 3-ից 4-ը տեղի ունեցավ երկօրյա հանդիպում ՀՀ-ում ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման ծրագրերի պլանավորման և իրականացման մեջ ներգրավված կողմերի և բուժաշխատողների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելումը, առանձնահատկությունները, կիրառման արդյունավետությունը, միջազգային փորձը ՆԿԿ-ի կիրառման ոլորտում, քննարկվեցին ՆԿԿ ծրագրերի մեկնարկի և իրականացման մարտահրավերներն ու խոչընդոտները, ինչպե՞ս ՆԿԿ-ն դարձնել տնտեսապես ոչ ծախսատար, ներկայացվեց ՆԿԿ-ն՝ որպես լավագույն գործիքներից մեկը ընդհանուր առողջապահական համակարգի, ոչ միայն ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտի, բարելավման համար։ Քննարկվեցին նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ նախակոնտակտային կանխարգելումը ՏՍՏ-երի շրջանում, ՆԿԿ-ի վերաբերյալ առաջին խորհրդատվությունը պացիենտին․ ինչի՞ց սկսել, ՆԿԿ ընդունող պացիենտների մոտիվացիայի պահպանման և կանոնավոր ընդունման խրախուսումը և աջակցությունը։
Օգոստոսի 5-ից 6-ը տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման վերաբերյալ երկօրյա դասընթաց ՆՍՀԿ աութրիչ աշխատակիցների համար։
Դասընթացի ընթացքում փորձագետը ներկայացրեց թե ինչ է ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելումը, ինչպե՞ս է այն օգտագործվում, ինչպես տրամադրել ՆԿԿ-ի վերաբերյալ առաջնային խորհրդատվություն, ինչի՞ց սկսել։ Քննարկվեցին նաև ՆԿԿ ընդունող շահառուների մոտիվացիայի պահպանման և կանոնավոր ընդունման խրախուսումը և աջակցությունը, ՆԿԿ-ի ընդունման համար շահառուների ներգրավումը օնլայն հարթակների և ծանոթության հավելվածների միջոցով, աշխատանքի առանձնահատկությունները և դժվարությունների հաղթահարման մեթոդները։
Հանդիպումները անցան քննարկումների ակտիվ ու արդյունավետ մթնոլորտում։ Հանդիպումների ավարտին մասնակիցներին տրամադրվեցին մասնկացության հավաստագրեր։
Հանդիպումները կազմակերպվել էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) աջակցությամբ և ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։