ՄԻԵԴ-Ի ԿՈՂՄԻՑ ԿՈՄՈՒՆԻԿԱՑՎԵԼ Է ՆՍՀԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ․ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՇՏԵՑՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՈՎ

2021թ․-ի մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կոմունիկացվել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի փաստաբան Արա Ղազարյանի կողմից ներկայացված  դիմումները՝ Ա․ Սահակյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (դիմումը ներկայացվել է 09․08․2016թ․-ին)։ Ըստ դիմումների տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի   6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։ 

 

ՄԻԵԴ-ի կողմից, հաշվի առնելով նախադեպային իրավունքը և պրակտիկան, ներկայացվել է առաջարկ գործի բարեկամական կարգավորման համար, եթե կողմերն ընդունեն ՄԻԵԴ-ի կողմից ուղարկված համաձայնագրի պայմանները, և եթե մասնավորապես Կառավարությունը դիմողներին կատարի դրամական վճարում՝ փոխհատուցելու համար կրած վնասները կատարված ծախսերի հետ միասին։ 

 

ՄԻԵԴ-ի կողմից խտրականության մասով անդրադարձ չի կատարվել, քանի որ գործի քննությունը դեռևս ներպետական համակարգում շարունակվում է։ 

 

Դեպքի նկարագիրը 

17.05.2014թ. www.iravunk.com առցանց լրատվական կայքում «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված է հրապարակվել, որը հեղինակել է լրագող Հովհաննես Գալաջյանը։ Հոդվածում տեղ են գտել Գրիգոր Գևորգյանի, Արման Սահակյանի և Հովհաննես Մկրտչյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող՝ վիրավորող և զրպարտող տեղեկություններ։ 

«Իրավունքի» կողմից «ցուցակագրված» Գրիգոր Գևորգյանի, Արման Սահակյանի և Հովհաննես Մկրտչյանի կողմից հայցադիմում է ներկայացվել դատարան ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի, Հովհաննես Գալաջյանի, iravunk.com ինտերնետային լրատվական կայքում հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածը հերքելուն և հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, յուրաքանչյուրին որպես պատճառված վնաս 3,000,000․00 ՀՀ դրամ գումար փոխհատուցելուն պարտավորեցնելու, Հովհաննես Գալաջյանի կողմից հայցվորների նկատմամբ դրսևորված խտրականության և ատելության հրահրման փաստը հաստատելու,  դատական ակտի եզրափակիչ մասում հայցվորների նկատմամբ խտրականության և ատելության հրահրման փաստի հաստատումը iravunk.com ինտերնետային լրատվական կայքում հրապարակելուն պարտավորեցնելու  պահանջների մասին: 

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.06.2014 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ։  
2015թ. մայիսի 14-ի վճռով դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով պատասխանողներին հրապարակման միջոցով հերքել հոդվածում տեղ գտած արատավորող, վիրավորական արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից: Պատասխանողից հօգուտ հայցվորների նշանակվեց նաև զրպարտության համար փոխհատուցման զգալի գումար: Խտրականության (ատելության խոսքի) մասով հայցը մերժվել է Քաղաքացիական օրենսգրքում նյութաիրավական հիմքի բացակայության հիմքով։ 

Հայկ Բաբուխանյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2016 թվականի որոշմամբ 14.05.2015 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։ 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղազարյանի կողմից դիմում է ներկայացվել ՄԻԵԴ այն բանի համար, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2016 թվականի մայիսի 26-ի որոշումը, որով չեղյալ է հայտարարվել իրենց օգտին կայացված վերջնական վճիռը, խախտում է իրավական որոշակիության սկզբունքը, համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի։ 

 

2020թ-ի փետրվարի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է վճիռ, որով հայցը մասնակի բավարարվել է։ Վճռի դեմ հայցվոր և պատասխանող կողմերը վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը 2020թ-ի մայիսի 5-ին ընդունվել է վարույթ։ 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2020թ-ի նոյեմբերի 16-ին որոշում է կայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ-ի փետրվարի 13-ի վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ 

 

 Ընթացքի մասին լրացուցիչ ՆՍՀԿ-ն կլուսաբանի։