ՃՈ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԵԿԱՆՎԵԼ Է ԵՎ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃՎԵԼ

2021թ․-ի ապրիլի 8-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) է դիմել ՆՍՀԿ շահառու Ի․Մ․-ն (անունը փոխված է)։ Վերջինս հայտնել է, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) կողմից 2021թ-ի փետրվարի 18-ին որոշում է կայացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն տուգանել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ և հանել 0.5 (զրո ամբողջ հինգ) տուգանային միավոր, սակայն որոշմանը կից տեսանյութից պարզ է, որ իրավախատում չի կատարել։  

 

ՆՍՀԿ-ի կողմից տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն։ Կազմակերպության իրավաբանի աջակցությամբ դիմում է ուղարկվել ՀՀ ՃՈ՝ խնդրելով կրկին անգամ վերանայել որոշումը և վերացնել կիրառված վարչական պատասխանատվությունը։ 

 

2021թ-ի մայիսի 4-ին ստացվել է ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Ե․Կարապետյանի որոշումը, համաձայն որի ՃՈ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը արձանագրված իրավախախտման ամրագրված տեսանյութի լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում իրավախախտման փաստի առկայությունը համարվել է կասկածելի, որի հիմքով որոշումը բեկանվել է և վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճվել։ 

 

Պարզաբանում.

«Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս 

Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի։