ՄԻ ԽՈՒՄԲ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

2020թ․-ի հունիսի 3-ին Ա․Ա․-ն (փոխված է) մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնի կողմից 2020թ․-ի հուլիսի 6-ին որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին։ 

Գործում ներգրավվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։ 

 

2021թ-ի ապրիլի 6-ին ավարտվել է գործով նախաքննությունը և այն ուղարկվել դատարան։ 

2021թ-ի ապրիլի 15-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր ՎԼԳրիգորյանը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին։ 

 

Գործով դատական նիստ դեռևս չի նշանակվել։ 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հետագա ընթացքի մասին լրացուցիչ կլուսաբանի։ 

 

Գործի նախապատմությունը։ 

2020թ․-ի հուլիսի 15-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ է դիմել ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ն։ Վերջինս հայտնել է, որ 2020թ․-ի հունիսի 3-ին իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի իրենց ամառանոցում։ Մի խումբ անձինք հարձակվել են Ա․Ա․-ի տան վրա և հայոյելով պահանջել են հեռանալ՝ կապված Ա․Ա-ի և նրա ընկերների ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ։  Սկսվել է վիճաբանություն, որից հետո այդ անձինք հայհոյելով ձեռքերով, ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել Ա․Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ գլխի շրջանում։ 

  

Ա․Ա․-ն նույն օրը դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որի հիման վրա  նախապատրաստված նյութերով  2020թ-ի հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ավագ հետաքննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և այն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար։ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնի կողմից 2020թ․-ի հուլիսի 6-ին որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին։ 

Գործում ներգրավվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։ 

ԱԱ-ն ճանաչվել է գործով տուժող։  

  

Մեղադրյալներից մեկի՝ Գ․Ս-ի նկատմամբ 2020թ-ի հոկտեմբերի 14-ին նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ 2021թ-ի մարտի 3-ին ստացվել է փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի մեղադրյալը համարվում է սահմանափակ մեղսունակ և ենթակա է քրեական պատասխանատվության։