«ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՎԱՐԺԱՆՔ

2021թ․-ի ապրիլի 15-ին ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հանդիպումների դահլիճում տեղի ունեցավ «Սեռավարակներն ու դրանց կանխարգելումը» թեմայով սեմինար-վարժանք, որը կազմակերպել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (ՆՍՀԿ) «ՄԻԱՎ վարակի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

 

 

 

Սեմինար-վարժանքի նպատակն էր ՆՍՀԿ աութրիչներին տրամադրել տարրական գիտելիքներ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ՝ շահառուներին խորհրդատվություն տրամադրելու և թեստավորելու ընթացքում առավել պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու համար։

 

 

 

Սեմինար-վարժանքի փորձագետն էր ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, ամբիոնի դասախոս, բ․գ․թ․, դոցենտ Վրեժ Շահրամանյանը, ով մասնակիցներին ներկայացրեց սեռավարակների տեսակները, դրանց փոխանցման ուղիները, կանխարգելման ու բուժման եղանակները։ Հատուկ անդրադարձ կատարվեց նաև ՄԻԱՎ-ի կանխարգելման եղանակներին՝ հաշվի առնելով ՆՍՀԿ աութրիչ աշխատողների աշխատանքային առանձնահատկությունները և թեստավորման ընթացքում նրանց գիտելիքների կարևորությունը։ Թեմայի քննարկումն ուղեկցվեց ակտիվ հարցադրումներով և պարզաբանումներով։ Սեմինար-վարժանքի ավարտին մասնակիցներին տրվեցին վկայագրեր։

 

 

 

Գիտակցելով սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (ՍՃՓՎ) ունենալու դեպքում ՄԻԱՎ-ի նկատմամբ կրկնակի խոցելիությունը՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներում համագործակցություն է հաստատել Երևանում «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի, ք․ Վանաձորում «ԳՈՒԳԱՐՔ» Կենտրոնական պոլիկլինիկա ՓԲԸ-ի և ք․ Գյումրիում «Ն․ Մելիքյանի անվան №2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի հետ։ Համագործակցության շրջանակներում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շահառուները հնարավորություն են ստացել անցնելու սեռավարակների նկատմամբ անվճար խորհրդատվություն, հետազոտություն և բուժում։

 

 

 

«ՄԻԱՎ վարակի կանխարգելումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարության ու ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով:

 

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ին սեմինար-վարժանքի իրականացմանն աջակցելու և հանդիպումների դահլիճը տրամադրելու համար։