Խաղաղ հավաքների ազատության իրավունքը պատկանում է բոլորին. հերթական դասընթացը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում

 

Քաղաքացու և ոստիկանի միջև հարաբերությունը էական դեր է խաղում հասարակական կարգերի պահպանման և խաղաղ հասարակություն ունենալու գործում։ Այս ամենի մեջ նշանակալից դեր ունեն պետական կառույցների ներկայացուցիչների իրազեկությունն ու իրավապաշտպան գործողությունները։ Հենց այս առիթով էլ 2021 թվականի ապրիլի 12-ին ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ  «Խաղաղ հավաքների ազատության իրավունքը» թեմայով դասընթաց, որը կազմակերպել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն  ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

 

 ՀԿ-ի գործունեությանը և դասընթացի նպատակների մասին խոսեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանը։ Ներածական խոսքից հետո դասընթացը սկսեց փաստաբան Անահիտ Մկրտչյանը, ով ներկայացրեց թեմայի վերաբերյալ ներպետական և միջազգային օրենսդրությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անդրադարձ կատարեց հավաքների ընթացքում ոստիկանական գործողություններին։ Ընթացքում դասընթացի մասնակիցները տվեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։ Իհարկե, հաշվի առնելով ներկայում տեղի ունեցող ցույցերը, բանավեճն ու քննարկումներն առավել ակտիվ էին և թեժ։ 

 

Դասընթացի ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպած դասընթացի համար՝ այն համարելով չափազանց արդյունավետ և կիրառելի։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի հետ համագործակցությամբ նման ձևաչափով դասընթացներ է կազմակերպում դեռևս 2019 թվականից և այս համագործակցությունը լինելու է շարունակական։