Հասարակական կազմակերպությունների դերը խոցելի խմբերի պաշտպանությունում

COVID-19 համավարակը իր ազդեցությունն է ունեցել մարդկանց վրա և սոցիալապես և ֆինանսապես։ Այս առիթով պետական կառույցները, հասարակական կազմակերպություննները փորձում են աջակցել հանրությանը, լինել նրանց կողքին։ Համավարակի ընթացքը և ազդեցությունը կրում էր էլ ավելի ծանր բնույթ խոցելի խմբերի համար, քանի որ իշխում էր խտրականությունը և խարանը։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն վերոնշյալ կազմակերպությունների ցանկում էր, որի նպատակն էր սատարել հասարակության առավել խոցելի խմբերին, որոնք են ԼԳԲՏԻ, ՏՍՏ և ԿՍԿ անձինք։

Հայաստանում համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի հայտարարումից ի վեր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ֆինանսական, սննդի  աջակցություն և ժամանակավոր ապաստարաններ է տրամադրել դժվար իրավիճակում հայտնված խոցելի խմբերի ներկայացուցիչներին։

2020թ․-ի  ընթացքում այս աջակցությունը հնարավոր է դարձել տարբեր անհատների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությունների շնորհիվ, որոնց թվում են Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամը, Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը, Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն:

Իսկ 2020թ․-ի նոյեմբերից 2021թ․-ի ապրիլ ամիսը աջակցության շարունակականությունն ապահովվում է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ, «Արևելյան գործընկերություն — COVID-19 համերաշխության ծրագրի» շրջանակում։

2021 թվականի ապրիլի 4-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ էր այցելել Թերեզա Հորվաթը, ով հանդիսանոմ է  COVID-19 համերաշխության ծրագրի կոնսորցիումը գլխավորող կազմակերպության՝ People in Need (PIN) չեխական ՀԿ-ի հաղորդակցության պատասխանատուն։

Այցի նպատակն էր տեսնել աջակցություն ստացած անձանց, հաղորդակցվել նրանց հետ և լսել հուզող հարցերը։ 

Ծրագրի աշխատակիցները հյուրին ներկայացրեցին ՆՍՀԿ-ի իրականացրած գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, կարողությունների զարգացման և մարդասիրական աջակցության ոլորտներում։ Խոսեցին նաև  «Ապահովելով ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի կայուն և անվտանգ իրականացումը COVID-19 համավարակի ընթացքում» ծրագրի շրջանակներում տրամադրված ծառայությունների մասին։

Հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի շահառու խմբերի ներկայացուցիչներ, ովքեր իրենց շնորհակալությունը հայտնեցին ծրագրի իրականացման և աջակցության տրամադրման համար։

Հանդիպումն անցավ ընկերական ջերմ մթնոլորտում և մասնակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին հաջողված համագործակցության համար։

Քննարկումն ավարտվեց բարեհաջող և երկու կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց հաջող համագործակցության համար՝ խոստանալով հետագայում ևս իրականացնել նման ծրագրեր։