ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

2021թ․-ի մարտի 11-12-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի ներկայացուցիչները մասնակցում էին Հայաստանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրային և ֆինանսական հաշվետվական ձևերի վերաբերյալ արտագնա աշխատաժողովին։

 

Աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման ուղղված,  ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի ենթաստացող կազմակերպությունների կողմից ներկայացվող ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև` այլ ընթացիկ աշխատանքային հարցեր քնննարկելու  նպատակով։

 

Աշխատաժողովը մեկնարկեց ՀՀ ԱՆ Գլոբալ Հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ծրագրերի համակարգող Լիլիթ Խաչատրյանի և ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանի ողջույնի խոսքերով։

 

Այնուհետև հաջորդեցին ԳՀ տարեկան ծրագրային ցուցանիշների ամփոփումները «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի», «Թոքաբանության ազգային կենտրոնի», Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» և «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» կողմից։

 

Ծրագրային ցուցանիշների ներկայացումները ամփոփվեցին հարց ու պատասխաններով, առկա խնդիրների վերհանումներով և դրանց լուծման առաջարկների քննարկումներով։

 

 

Աշխատաժողովի առաջին օրվա երկրորդ կեսը նվիրված էր հաղորդակցական հմտություններին, մասնավորապես էլեկտրոնային նամակագրությանը, ֆինանսական և նկարագրողական հաշվետվական ձևերի ներկայացմանը։

 

Հանդիպման առաջին օրը եզրափակվեց ԳՀ դրամաշնորհային ծրագրի մոնիթորինգի և գնահատման  պլանի ձևաչափի խմբային աշխատարան-քննարկումով և մշակված պլանների ներկայացումներով։

 

Աշխատաժողովի երկրորդ օրը մեկնարկեց ֆինանսական հաշվետվական ձևերի խմբային աշխատարան քննարկումով, որից հետո յուրաքանչյուր խումբ ներկայացրեց հաշվետվական ձևերի բարելավման առաջարկներ։

 

Այնուհետև քննարկվեցին և առաջարկներ ներկայացվեցին  նաև ծրագրային նկարագրողական հաշվետվությունների վերաբերյալ։ Հաջորդիվ, ներկայացվեցին ԳՀ-ի «Հիմնական միջոցների կառավարման» նոր ուղեցույցները, տեղի ունեցավ ՀԿ-ների տվյալների բազայի քննարկում։

 

Հանդիպումը եզրափակվեց  հարց ու պատասխանով, ծրագրային նկարագրողական և ֆինանսական հաշվետվությունների որակը բարձրացնելու առաջակությունների փաթեթի մշակումով։

 

 

 

 

Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի և «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ։