ԸՆԴԴԵՄ BLOGNEWS.AM ԿԱՅՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆԻ, 5-ՐԴ ԱԼԻՔ / «ՇԱՐԿ» ՍՊԸ-Ի, ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Ստորև նշված գործով «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հանդես է գալիս որպես «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի շահերը ներկայացնող, փաստաբանական աջակցություն տրամադրող կազմակերպություն։ 

 

 2021թ․-ի մարտի 5-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում, դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ տեղի  ունեցավ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ընդդեմ BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի, 5-րդ ալիք/ «ՇԱՐԿ» ՍՊԸ-ի, Արթուր Դանիելյանի գործով  հերթական դատական նիստը։ Քանի որ նախորդ դատական նիստին դատարանը կայացրել էր ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, անցում կատարվեց դատաքննության փուլին։ 

Փաստաբան Անահիտ Մկրտչյանի կողմից ներկայացվեց հայցադիմումը՝ դրանում առկա փաստական հանգամանքներով և իրավական վերլուծությամբ։ Դատաքննության փուլում հնչեցին հայտարարություններ, հարցեր, որոնց սպառիչ պատասխանների համար անհրաժեշտություն առաջացավ դատարանին ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր։ 

Նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա  2021թ․-ի ապրիլի 30-ին, ժամը 16։00-ին՝  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում։ 

  

Գործի նախապատմությունը 

2019թ. ապրիլի 05-ին 5-րդ ալիք/ 5TV-ի Դեմ Դիմաց» հաղորդման հերթական եթերում Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը  արել է կեղծ հայտարարություն՝ պնդելով, որ «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ն Կոտայքի մարզի դպրոցում ԼԳԲՏ քարոզչություն է իրականացրել։ 

Հաջորդ օրը 06․04․2019թ․-ին  «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր «Հերքման պահանջ»՝ ուղղված Կոնստանտին Տեր-Նակալյանին։ 2019թ․-ի ապրիլի 12-ին «ԱԴԵԿՎԱԴ» անվամբ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրվել «Բոլոր գեյապաշտ, ադրբեջանամետ քայլառաստներից ներողություն ենք խնդրում»  վերնագրով։ Նույն օրը՝ ժամեր անց Կոնստանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսահոլովակ «Ներողության հերթական  փորձը Grigor Yeritsyanից»  վերնագրով, որը, ինչպես նախորդ փորձը, իր էությամբ չէր համապատասխանում օրենքով ամրագրված հերքման չափորոշիչներին։ Օրեր անց՝ 17․04․2019թ․-ին Կոնստանտին Տեր-Նակալյանը կրկին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Երիցս ներողություն, Grigor Yeritsyan… Ներողություն անձամբ իմ ու Artur Danielyanի  կողմից» վերնագրով տեսահոլովակ, որում դիմում են Գրիգորի Երիցյանին ծաղրանքով, վիրավորանքներով  և նշում, որ առաջիկայում ևս դրսևորելու են նման վարքագիծ: 

Վերը նշված շարունակական գործողությունների արդյունքում վնաս է պատճառվել «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի գործարար համբավին, ինչի վերականգնման նպատակով հայցադիմում էր ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի, 5-րդ ալիք/ «ՇԱՐԿ» ՍՊԸ-ի և Արթուր Դանիելյանի։