ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԲՈՂՈՔԸ․․․ ԳՈՐԾԸ ԿՈՒՂԱՐԿՎԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Դատարան) ավարտվել է Ա․Մ․-ի (անունը փոխված է) վերաբերյալ քննիչ Ա․Ասատրյանի որոշումը վերացնելու մասին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) փաստաբան Արա Ղարագյոզյանի ներկայացրած բողոքի քննությունը։
2020թ․-ի նոյեմբերի 27-ին Դատարանը բավարարել է փաստաբան Արա Ղարագյոզյանի բողոքը։ Դատարանի որոշմամբ գործը կուղարկվի նոր քննության։
Մինչ օրս Դատարանի կողմից չի ուղարկվել որոշումը։
Գործի նախապատմություն։
Ա․Մ․-ն այտնել է, որ իրեն հանցագործություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Կենտրոնի» բաժին, բերման ենթարկելու որոշումը ցույց չեն տվել։ Ա․Մ․-ի ենթադրալ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված նրան ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցները չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը անհամաչափ ուժ են կիրառել՝ մինչև ոստիկանության բաժին հասնելը հարվածել են և հայհոյել։ Այդ ամենը շարունակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Կենտրոնի» բաժնում։
Ոստիկանության բաժնի աշխատակիցները Ա․Մ․-ին թույլ չեն տվել օգտվել պաշտպան ունենալու իր իրավունքից։ Վերջիններս ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելով ստիպել են իրենց ասածով բացատրություն և ցուցմունք տալ, սպառնալով, որ հակառակ դեպքում նրա համար շատ վատ է լինելու։
Դեպքի առթիվ Ա․Մ․-ն 2020թ․-ի հունվարի 29-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։
2020թ․-ի մարտի 15-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։
Ա․Մ․-ն ճանաչվել է տուժող։
2020թ․-ի մայիսի 30-ին ՀՔԾ քննիչ Ա․Ասատրյանը որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։