Ներզատաբանության զգայուն ճյուղի զարգացումը Հայաստանում

Բժշկական ծառայությունների և օգնության տրամադրման ոլորտը, ինչպես բազմաթիվ այլ ոլորտներ Հայաստանում, ունի շատ բացեր խոցելի խմբերի սպասարկման համատեքստում։ Իրավիճակը ավելի բարդ է  տրանս անձանց դեպքում, քանի որ երկրում գերիշխող խտրականությանն ու կարծրատիպային վերաբերմունքին զուգահեռ, որը, ինչ խոսք, իր անխուսափելի ազդեցությունն ունի նաև առողջապահական ոլորտի վրա, կան նաև բազմաթիվ օրենսդրական բացեր տրանս անձանց առողջապահական իրավունքի ապահովման և իրականացման ոլորտում։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է գենդերային ինքնության ճանաչման և գենդերի հաստատմանն առնչվող բժշկական միջամտությունների օրենսդրական կարգավորման բացակայությանը, ինչը իր հերթին հանգեցնում է նաև հայաստանյան բժիշկների շրջանում տրանս անձանց բժշկական օգնության տրամադրմանն առնչվող մասնագիտական վերապատրաստումների և իրազեկվածության բացերի։

Այս բացը լրացնելու նպատակով  2021թ․-ի փետրվարի 18-20-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր աշխատանքային հանդիպում ՀՀ ներզատաբանների հետ: Հանդիպմանը ներգրավված էին մասնակիցներ՝ բժիշկ-ներզատաբաններ, ՀՀ Երևան քաղաքից և մարզերից՝ տեղեկատվությունը բոլոր մարզերում առավել հասանելի և լայնամասշտաբ դարձնելու նպատակով։   

 Աշխատանքային հանդիպումը վարում էին հրավիրված փորձագետներ Մոսկվայից՝ Եվդոկիա Ցվետկովան, ով հանդիսանում է բժիշկ-ներզատաբան, բժշկական տեղեկատվության և գիտական հաղորդակցության մասնագետ, և Ինգա Գրինը, ով ամուսնության և ընտանեկան հարցերով հոգեբանական գիտությունների դոկտոր է։

Հանդիպումը սկսվեց ՀՀ ԱՆ էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Նաիրա Վ․ Գոգյանի ողջույնի խոսքով։ Վերջինս շեշտեց տվյալ հանդիպաման թեմայի շատ զգայուն, միևնույն ժամանակ կարևոր և արդիական լինելը։

Այնուհետև, մասնակիցներին ողջունեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակցության համար և մաղթելով արդյունավետ հանդիպում։

Հանդիպման առաջին օրը՝ փետրվարի 18-ին, Եվդոկիա Ցվետկովան մասնակիցներին ծանոթացրեց տրանս անձանց հետ տարվող հորմոնալ թերապիային՝ խոսելով մասկուլինիզացնող և ֆեմինիզացնող հորմոնալ թերապիաներից, դրանց ռեժիմների ու սխեմաների մասին, կողմնակի ազդեցություններից և հնարավոր բարդություններից։ Անդրադարձ կատարվեց նաև անհատական մոտեցմանը՝ ոչ բինար մարդկանց, դեռահասների և ծեր մարդկանց հետ տարվող հորմոնալ թերապիայի առանձնահատկություններին։ Օրը եզրափակցվեց հարց ու պատասխանի միջոցով։

Փետրվարի 19-ին Ցվետկովան խոսեց գենդերի հաստատման միջամտությունների, համաշխարհային վիճակագրության, հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ10-ին և ՀՄԴ11-ին), Ռուսաստանում ախտորոշման առանձնահատկությունների և բժշկական օգնություն տրամադրելու կարգի մասին։ Օրը եզրափակվեց 2 երկրների փորձի քննարկումներով և հարց ու պատասխաններով։

 

 

Դասընթացի վերջին օրը ՝ փետրվարի 20-ին, հանդիպման փորձագետն էր Ինգա Գրինը։ Օրվա թեման էր տրանս անձանց հետ աշխատանքի մասնագիտական էթիկան։ Թեմայի շրջանակներում ներկայացվեց տրանսգենդեր հասկացությունը պատմական տեսանկյունից և այսօր, փոփոխությունների պատմությունը տերմինաբանության պրիզմայով,  ԱՀԿ-ի դիրքորոշումը, տրանսգենդերության դեպաթոլոգիզացումը։ Անդրադարձ կատարվեց շրջանակային փաստաթղթերին՝ ՀՄԴ-10-ին, ՏԱՀՄԱ (WPATH) ստանդարտներին, գենդերային դիսֆորիայի ախտորոշմանը։  Քննարկվեցին նաև տրանսզգայունության և տրանստակտիկության հասկացությունները, լավագույն փորձերը  տրանս հաճախորդների հետ աշխատանքում։ 

Թեմաների տեսական ներկայացումից զատ՝ իրականացվեց նաև գործնական պարապմունք՝ խմբային աշխատանքներով։ Հանդիպման ավարտին փորձագետը պատասխանեց մասնագետներին հուզող հարցերին։

Մասնակիցներից շատերը փաստեցին տեղեկատվության պակասը, և շնորհակալ էին այս հանդիպման միջոցով տվյալ բացը լրացնելու համար տրված հնարավորության համար։ Օրվա ավարտին մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ։

 

Աշխատանքային հանդիպումը անցավ բավականին արդյունավետ քննարկումների մթնոլորտում, և անշուշտ, իր դրական ազդեցությունը կունենա մասնակիցների կողմից տրանս անձանց հետ աշխատանքը առավել պրոֆեսիոնալ և իրազեկ կազմակերպելու հարցում։  

 

Աշխատանքային հանդիպումն իրականացվել է «Շահերի պաշտպանություն և իրազեկության բարձրացում՝ ՀՀ հասարակության խոցելի խմբերի առողջության իրավունքի իրականացումն ապահովելու համար» ծրագրի շրջանակներում GILLEAD SCIENCES  կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։