ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում նշվում է մարդու իրավունքների պաշտպանության օրը:

1948թ.-ին այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը՝ շրջադարձային փաստաթուղթ, որտեղ առաջին անգամ առանձնացվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից: Չնայած հռչակագրի ստորագրմանը հաջորդած այս տարիների ընթացքում արձանագրված հսկայական առաջընթացին, դեռևս շատ անելիք կա, քանի որ աշխարհի շատ քաղաքացիների դեռևս մերժվում են այն հիմնարար ազատությունները, որ առաջ են քաշված այս փաստաթղթում:

2020 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» հանդիպում-քննարկումը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից։

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ «Նոր Սերունդ» ՀԿ (ՆՍՀԿ) նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ կարևորելով մարդու հիմնարար իրավունքների անխոչընդոտ և հավասարապես իրականացումը հասարակության բոլոր խմբերի համար։

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ Պատրիկ Սվենսոնը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Նիկո Սխերմերսը  և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության  ղեկավարի տեղակալ  Յան Պլեշինգերը։

Դեսպանները ներկայացրեցին իրենց երկրների անցած ուղին մարդու իրավունքների պաշտպանության և իրականացման ոլորտում, գրանցած հաջողությունները և մինչ օրս առկա խնդիրներն ու դժվարությունները՝ շեշտելով, որ դեռ շատ անելիք կա մարդու իրավունքների հաստատման ճանապարհին։ Վերջիններս նաև հայտնեցին իրենց պատրաստակամությունը և հանձնառությունը՝ Հայաստանին աջակցելու ժողովրդավարության և հակախտրականության լիարժեք հաստատման և իրականացման հարցում։

Միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին տեսաուղերձով ողջունեց նաև Հայաստանի Հանրապետությունում  Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Լին Մ․ Թրեյսին՝ ընդգծելով Հայաստանում մարդու իրավունքների և հատկապես խոցելի խմբերի պաշտպանության կարևորությունը։

Միջոցառման հյուրերը իրենց խոր ցավակցությունը հայտնեցին պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին և ամբողջ հասարակությանը՝ ևս մեկ անգամ շեշտելով ու կարևորելով մարդու իրավունքների, և առանձնապես ռազմագերիների, պաշտպանության և իրականացման առաջնահերթությունը։ 

Ողջույնի խոսքերից հետո ՆՍՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը ամփոփիչ զեկույցով ներկայացրեց 2020թ․-ի ընթացքում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից տրված իրավախորհրդատվությունները և գրանցված իրավախախտումները, ԼԳԲՏԻ և ԿՍԿ անձանց հանդեպ խտրականության և բռնությունների դրսևորումները։ Զեկուցման ընթացքում ներկայացվեցին նաև ՆՍՀԿ-ի կողմից մշակված իրավական ակտերի նախագծերը և այլ օրենսդրական նախաձեռնությունները։

Հանդիպմանը ներկա էին նաև ԼԳԲՏԻ և ԿՍԿ համայնքների ներկայացուցիչները, որոնք բարձրաձայնեցին այն խնդիրները և խտրականությունը, որոնց բախվում են Հայաստանում՝ նկարագրելով այն բռնությունները և խոշտանգումները, որոնց ենթարկվել են իրենց ընտանիքների, հասարակության, իրավապահ մարմինների և այլ կառույցների կողմից։ Անդրադարձ կատարվեց նաև սեռափոխության և գենդերային ինքնության ճանաչման և այլ օրենսդրական բացերի խնդիրներին։ 

Շուշան Խնկոյանը ամփոփեց իր ելույթը՝ ՀՀ կառավարությանը և այլ համապատասխան  կառույցներին ներկայացնելով հնչեցրած խնդիրների լուծմանը և օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկությունները ՆՍՀԿ-ի կողմից։

 

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ  Նարե Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանում ազատազրկված խոցելի խմբերի հիմնախնդիրները, որից հետո նույպես համայնքի ներկայացուցիչը անձամբ խոսեց, թե ինչ հոգեբանական ու ֆիզիկական խոշտանգումների է ենթարկվել ՀՀ ՔԿՀ-ում։

Ազատազրկված անձանց հիմնախնդիրների ներկայացմանը հաջորդեց ՀՀ դատական համակարգում խտրականության դրսևորումների մասին զեկուցումը փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից,

 Ընդմիջումից հետո տեղի ունեցավ «Հավասար իրավունքների հաստատման ճանապարհին» ֆիլմի անդրանիկ դիտումը, իսկ միջոցառումը եզրափակեց Գոհար Միրզոյանը, ով ներկայացրեց Հայաստանում ՏՍՏ-երի համար ծառայությունների կասկադը։

Հանդիպումն ամփոփեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ շնորհակալություն հայտնելով հյուրերից ակտիվ մասնակցության և արդյունավետ քննարկումների համար։