ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ LIFE-16 ԱՐՏԱԳՆԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ

2020 թվականի դեկտեմբերի 16-19-ը տեղի ունեցավ «Խտրականության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում իրականացվող ԼԱՅՖ-16 քառօրյա արտագնա տեղեկատվական հարթակը։

 

Այս անգամ հարթակը միավորում էր միանգամից երկու՝ ԼԳԲՏԻ և ԿՍԿ համայնքների սկսնակ ակտիվիստներին՝ հաշվի առնելով միջազգային հաջողված փորձը, երբ համայնքները հավաքվում են միևնույն վայրում՝ քննարկելու և կիսելու իրենց խնդիրները, գտնելու ընդհանրություններ, քննարկելու իրենց իրավիճակների նմանությունները և տարբերությունները որպես հասարակության խոցելի խմբեր, կիսելու նմանատիպ  խնդիրներին տրվող հաջողակ լուծումների փորձառությունը:

 

ԼԱՅՖ-16 արտագնա տեղեկատվական հարթակի նպատակն է ԼԳԲՏԻ և ԿՍԿ համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել ակտիվիզմի և մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների մակարդակը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, համայնքների շրջանում իրականացնել կարիքների գնահատում:

 

Արտագնա տեղեկատվական հարթակին միացել էր նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով։ Սերգեյ Գաբրիելյանը իր ուրախությունը հայտնեց՝ մասնակիցների ակտիվությունը տեսնելով, ներկայացրեց կազմակերպության պատմությունը, գործունեության ոլորտները և առաջնահերթությունները։

Տեղեկատվական հարթակի սկզբում մասնակիցները ծանոթացան միմյանց հետ թիմի կառուցման ինտերակտիվ վարժանքի միջոցով, ներկայացրին տեղեկատվական հարթակից իրենց ակնկալիքները: Կազմակերպչական թիմի օգնությամբ մասնակիցները մշակեցին ընդհանուր կանոններ, որոնց պետք է հետևեն հարթակի ողջ ընթացքում։ 

 

Տեղեկատվական հարթակի առաջին օրը մասնակիցները ծանոթացան «Առաջնորդություն և ակտիվիզմ» թեմային։ Դասընթացավար-փորձագետ Հմայակ Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց առաջնորդություն հասկացությունը, առաջնորդության բնութագիրը, առաջնորդի հատկանիշները, ինչպես նաև տեսակները։ Ներկայացվեց նաև ակտիվիզմի պատմությունը, տարբեր շարժումների նախադեպերը և ակտիվիստների կարևորությունը խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում։ Փորձագետը խոսեց նաև Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աշխատանքներին և որոշումների կայացման գործընթացում համայնքների ներգրավվածության կարևորության մասին։

 

Օրը շարունակեց իրավաբան Լուսինե Գասպարյանը, որը ներկայացրեց «Խարան և խտրականություն» թեման՝ խոսելով խտրականության սահմանումից, տեսակներից, խտրական տերմիններից և նրանց անխտրական տարբերակներից։

 

 

 

 

Տեղեկատվական հարթակի երկրորդ օրվա առաջին մասը նվիրված էր «Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմները, ՄԻԵԴ» թեմային, որը ներկայացրեց իրավաբան, դասընթացավար Սիրակ Եղիազարյանը՝  խոսելով մարդու իրավունքներ հասկացությունից, ներկայացնելով մարդու իրավունքները տարբեր ժամանակահատվածներում, մարդու իրավունքների սերունդները, պաշտպանության ներպետական և միջազգային համակարգերը, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ՄԻԵԴ դիմելու ընթացակարգը։ Դասընթացի ավարտին ներկայացվեցին խոսքի ազատության, ատելության խոսքի և խոշտանգումների սահամանումները, իրավական կարգավորումները։ 

 

Մասնակիցների հետ հանդիպելու համար տեղեկատվական հարթակին մասնակցելու էր հրավիրվել Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերի մոնիթրինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան։ Նա անդրադարձավ «ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին», խոսեց ՄԻԱՎ վարակի մասին, ինչպես նաև լսեց մասնակիցների բարձրաձայնած խնդիրները, պատասխանեց հնչեցրած հարցերին։

 

 

Երրորդ և չորրորդ օրերը նվիրված էին համայնքների շրջանում կարիքների գնահատում իրականացնելուն։ Տեսական մասը վարեց կարիքի գնահատման փորձագետ Հմայակ Ավետիսյանը։ Մասնակիցները տեղեկացան, թե ինչ է համայնքը, համայնքների շրջանում կարիքների գնահատումը, պլանավորումը, բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու կարևորությունը։ Գործնական մասը անցկացրեց կարիքների գնահատման փորձագետ Սերգեյ Գաբրիելյանը։ Խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները առանձնացրին ԼԳԲՏԻ և ԿՍԿ համայնքների խնդիրները, պլանավորեցին լուծումները, մշակեցին գործողություններ։

 

Հանդիպման ողջ ընթացքն ուղեկցվում էր տեսահոլովակների դիտմամբ և գործնական աշխատանքներով: ԼԱՅՖ-16 արտագնա տեղեկտավական հարթակի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր:

 

 

«Խտրականության դեմ պայքար Հայաստանում» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ։