Բիսեքսուալ անձանց կյանքը Հայաստանում

Բարձրացնելով ԼԳԲՏԻ համայնքի այլ՝ առօրեական խնդիրներ, ակամայից անտեսվում է համայնքի անդամների տեսանելիության հարցը, ինչը կարող է շատերին օգնել հաշտ ապրել իրենց «ես»-ի հետ։ Այս խնդիրն ավելի քան արդիական է բիսեքսուալ* անձանց մոտ։ Պատճառն այն է, որ ի տարբերություն համայնքի այլ ներկայացուցիչների, հասարակությունն իրենց հանդեպ, թվում է, թե ավելի հանդուրժողական է։ Հետևաբար, տեսանելի խնդիրներ նրանք  չունեն։ Բայց ո՞րն է դրա բուն պատճառը։ Փաստացի, մարդիկ պարզապես անտեսում են բիսեքսուալ անձանց գոյությունը։ Մի՞թե պատճառը տեղեկատվության պակասը չէ։ Այսօր կարիք կա բարձրաձայնելու, որ բիսեքսուալությունը և՛ս սեռական կողմնորոշում է։

 

 

Սեպտեմբերի 23-ը բիսեքսուալ անձանց տեսանելիության օրն է։ Սակայն թվում է՝ «Բ» տառը ԼԳԲՏԻ հապավման մեջ չկա։ Իրենք անտեսանելի են ինչպես շրջապատում (թաքնված են, ավելի շատ են, քան թվում է), այնպես էլ մեդիա դաշտում։ Նրանց հաճախ հավասարեցնում են դեռ չկողմնորոշված մոնոսեքսուալ*  անձանց կամ, ինչն ավելի ծայրահեղական է՝ պանսեքսուալներին*։ Մոնոսեքսուալություն վերագրում են կախված զուգընկերոջ սեռից։ Օրինակ, կարծիք կա, որ եթե բիսեքսուալ տղան աղջկա հետ է, ապա արդեն հետերոսեքսուալ է, իսկ եթե տղայի՝ հոմոսեքսուալ։ Բայց չէ՞ որ այդ ամենից չի փոխվում մարդու իրական սեռական կողմնորոշումը․ նա միևնույն է հավանել և հավանելու է մարդուն՝ անկախ նրա սեռից ։ Որպես սեռական կողմնորոշում, պանսեքսուալն ավելի մոտ է բիսեքսուալին, բայց ցավը կայանում է նրանում, որ այս բոլոր հասկացությունները մեր իրականության մեջ շատ հաճախ համարում են զուտ բարոյական բնորոշիչ։ Քանի որ բիսեքսուալ անձանց անհնար է բացահայտել միայն մի տեսանկյունից, այս ամենի պատճառահետևանքային կապը մեզ օգնեցին գտնել հենց իրենք։

 

 

«Ուղղակի, երբեք էլ չեմ մտածել, որ նույն սեռն ինձ կվանի կամ զզվելի կթվա»։ Այս խոսքերը պատկանում են Աննային (անունն իր ցանկությամբ փոխված է), ով ավելի բացահայտ է դարձել, որպես բիսեքսուալ  անձ վերջին  1-2 տարիների ընթացքում։ Սա բնորոշում է, որ կարող է տալ բիսեքսուալ անձն՝ ինքն իրեն բացահայտելու մեջ առաջին քայլերն անելիս։ Սակայն կան կարծրատիպեր, որոնց նա բախվում է տարեցտարի ավելի շատ, արդեն որպես հասարակության անդամ, առաջացնելով ներքին պայքար՝ կապված ինքն իրեն չընդունելու հետ։

 

Գաղտնիք չէ, որ մեր օրերում հասարակության կողմից լիիրավ անդամ համարվելը պահանջում է որոշակի ադապտացում, ինչն իր հերթին սկսվում է յուրաքանչյուրիս ընտանիքում։ Եթե ծնողն ունի հստակ դրված սոցիալական դերաբաշխում, երեխան սկսում է մտածել, որ այս կամ այն վարքագիծը, որը շեղվում է իրեն հայտնի ճիշտ վարքագծից, սխալ է և փորձում է ազատվել դրանից, համարելով այն պարզապես վատ սովորություն։ Աննան ավելացնում է, որ ուրախ կլիներ, եթե ծնողներն իրենք առաջինը բարձրացնեին տվյալ թեման, քանի որ իր համար բացահայտումներ արել է բակի երեխաների ու համադասարանցիների հետ զրուցելիս։ Բայց չէ՞ որ նման տարիքում ցանկացած երեխա արտացոլում է իր ընտանիքի վաքագիծը, հետևաբար բացահայտումները ևս խիստ սուբյեկտիվ են և հավաստի համարվել չեն կարող։

 

 

Ամեն ինչ Աննայի համար ավելի պարզ ու հասկանալի դարձավ, երբ իր մտերիմ ընկերը խոստովանեց, որ գեյ է։ Այստեղից սկսվեց իր ծանոթությունը ԼԳԲՏ համայնքի, տարբեր ՀԿ-ների և զուգահեռաբար նաև ինքն իր հետ։ Աննան նաև մատնանշեց՝ «Խիստ արհամարհանք կամ համայնքից վտարում չի նկատվում, բայց քո հանդեպ տածած անլիարժեքության իրենց զգացումը ցույց են տալիս։ Հետերոսեքսուալների համար բավականաչափ հետերոսեքսուալ չես, հոմոսեքսուալների համար բավականաչափ հոմոսեքսուալ չես։ Ու միշտ տրվում են նման և այլ անհարմար հարցեր. «Իսկ ավելի շատ ո՞ր սեռն ես հավանում։ Ավելի շատ ո՞ր սեռի հետ փորձ ունես» »։ Այսինքն, անգամ համայնքի ներսում կա որոշակի անտեղյակություն կամ անլուրջ վերաբերմունք։

 

 

Սակայն, ինչպես փաստում է մեր հաջորդ հերոսուհին՝ Էլենը, վերաբերմունքը բիսեքսուալ անձանց հանդեպ համայնքի ներսում, և համայնքից դուրս, տարբերվում է։ «Հոմոսեքսուալ անձինք, ընդունելով ինձ համայնքի անդամ, դրական են վերաբերվում։ Հետերոները՝  կանայք, զգուշացել են, կարծելով, որ սիրում եմ աշխարհի բոլոր կանանց, իսկ տղամարդիկ ցանկացել են համոզել, որ կլինեն միակ ու վերջին տղամարդն իմ կյանքում»։

 

 

Եղել է նաև, որ իրեն չեն ցանկացել վիրավորել, բայց շատ կոպիտ ձևով վիրավորել են ԼԳԲՏԻ համայնքի բոլոր անդամներին։ Սովորաբար նախադասությունը սկսում են՝ «Դե քեզ բան չեմ ասում, բայց․․․» ։ «Բայց»-ին հաջորդում են ամենատարբեր հոմոֆոբ արտահայտություններ, սկսած բոլորիս քաջ հայտնիներից՝ «հիվանդ մարդիկ են», «դրանց վառել է պետք», «հաճույքով կծեծեի»․․․  շարունակելու կարիք կա՞։

 

 

Իսկ ի՞նչ են զգում համայնքի լիիրավ անդամ հանդիսացող բիսեքսուալ անձինք այդ պահին։ Արդյո՞ք այս ամենը պասիվ ճնշում չի գործադրում իրենց վրա։ Եվ մի՞թե արմատացած կարծրատիպերն ավելի վատ կամ հավասարազոր չեն խտրականության այլ դրսևորումներին։

 

 

Էլենն աշխատել է ազատվել աղջիկների հանդեպ սիրուց՝ չի ստացվել։ Փորձել է գտնել «Ո՞վ եմ ես» հարցի պատասխանը։ «Երկար ժամանակ չեմ գտել պատասխանը, որովհետև փախել եմ ինքս ինձնից։ Փորձել եմ ինձ հակառակը համոզել։ Հիմա կասեմ, որ ես ինքնաբավ եմ ու լիարժեք բոլոր թերություններով ու առավելություններով։ Միակ խնդիրը երկիրն է, որտեղ ես ապրում եմ։ Բայց իմ նպատակների պրիզմայով նայելիս, ես հպարտ եմ ու շնորհակալ բիսեքուալ լինելուս համար։ Հատկապես մեր երկրում  կընտրեի լինել նույնը, փոխել մարդկանց կարծրատիպերը, ինչն ինձ մոտ ստացվում է։ Բիսեքսուալությունը կամուրջն է հետերոսեքսուալ հասարակության և ԼԳԲՏԻ համայնքի միջև, դու օգնում ես իրենց հասկանալ իրար, համախմբում ես իրենց»։

 

 

Անդրադառնալով ընտանիքի արձագանքին, Էլենն ավելացրեց, որ չէր ցանկանա՝ մայրն առաջինը խոսեր իր հետ՝ «Դա բացասական կանդրադառնար ինձ վրա։ Ճիշտ էր, որ դա եղավ, երբ ես էի պատրաստ»։

 

 

Այս հարցի վերաբերյալ կա մի այլ տեսակետ ևս։ Արտակը (անունն իր ցանկությամբ փոխված է) ասում է, որ երբեք չի ցանկացել ծնողին հայտնել իր սեռական կողմնորոշման մասին՝ «Ճիշտ չեմ համարում, որովհետև, օրինակ, հետերոները չեն ասում, որ իրենց դուր է գալիս հակառակ սեռը։ Բացի այդ, ծնողներս սկզբում ցավ կապրեին»։

 

 

Արտակը երբեք ոչ ոքի չի ցանկացել ցավ պատճառել՝  «Սիրում եմ կյանքը, սենտիմենտալ եմ և օպտիմիստ։ Կյանքի ռազմավարություն ունեմ, որ մարդիկ իմ մասին հիշելիս ժպտան։ Բոլորի համար լավը լինեմ։ Ինձ համար չար մարդիկ չկան, կան չարացածներ»։ Սակայն ինքն իր հետ հաշտ չի ապրել բավականին երկար ժամանակ՝ «Ինձ ընդունել եմ բանակից զորացրվելուց հետո։ Մինչ այդ ապրել եմ կոնֆլիկտի  մեջ՝ հավատացյալ եմ եղել, մտածել եմ, որ միայն ես եմ այդպիսին։ Ինձ ընդունելուց հետո հավատքս ավելի է ամրապնդվել։ Ես միշտ աղոթում էի, որ աստված հանի իմ միջից «չար մտքերը»։ Դրա պատասխանն առ այսօր չստացա,իսկ մյուս բոլոր աղոթքների պատասխանները միշտ ստացել եմ։ Հասկացա, որ ուրեմն այսպես պետք է լինի»։

 

 

Անձի ինքնաճանաչողությունն է, որ հանդիսանում է ինքն իրեն ընդունելու գլխավոր քայլը։ Ստացվում է այնպես, որ ինֆորմացիայի պակասի պատճառով անձը հաճախ այլոց հետ իրեն համեմատելով ինքն իր մասին բացահայտումներ է անում։ Ճիշտ է, ամեն ինչ երևում է համեմատության մեջ, սակայն կարո՞ղ են արդյոք տվյալ համեմատություններն օբյեկտիվ արդյունք տալ, երբ մարդիկ կամ անհանդուրժողական են, կամ իրենց համար անհասկանալի երևույթը պարզապես անտեսում են։ «Սարսափելի է։ Մեր հասարակության մեջ լատենտները* շատ-շատ են։ Պատճառն այն է , որ մարդիկ չեն կարողանում ազատ լինել ու չարանում են։ Մարզերում Երևանից ավելի շատ են հոմոֆոբիայի դեպքեր։ Իսկ համայնքի ներսում բիֆոբիա ևս կա։ Օրինակ եթե ամուսնանաս, վերաբերմունքը կփոխվի քո հանդեպ։ Շատերը մեզ պարզապես լուրջ չեն ընդունում։ Կա սեռական վարքագիծ և սեռական կողմնորոշում։ Անձամբ ես միշտ ավելի զգացմունքային եղել եմ տղամարդկանց հանդեպ, բայց դա էլ կախված է պահից և տվյալ անձից ու հարաբերություններից»։

 

 

Անհասկանալին անտեսելուց, չեզոք վերաբերմունքից և այլ նմանություններից զատ («Ո՞նց կարող ես բիսեքսուալ լինել, բիեր չկան»), հայ հասարակությունը մի արմատային տաբերություն ունի ամբողջ աշխարհից, ինչի մասին հաստատում է նաև Արտակը՝ «Մեզ մոտ հայ տղամարդուն վերագրվող չափանիշներն են,որ սպեցիֆիկ է, դա էլ ծնում է մի շարք կարծրատիպեր»։

 

 

Այո, տղամարդու հարցում ավելի բարդ է, նրան անմիջապես համարում են գեյ, կարծելով, որ բիսեքսուալ տղամարդիկ չկան, որ այդպես նա պարզապես փորձում է հասարակությունից թաքցնել իր իրական սեռական կողմնորոշումը։ Մեր հասարակությունը հաճախ է շփոթում սեռական կողմնորոշումը սեռական վարքագծի հետ։ Խնդիրները շատ են և ոչ մակերեսային։

 

 

Արտակը ցանկանում է իր օրինակով օգնել մարդկանց՝ «Որ եթե ինչ-որ մեկի մոտ հարցեր լինեն, չընկնի դես ու դեն, իմ պես չպատերազմի ինքն իր հետ, այլ տեսնի, որ մենակ չի»։

 

 

Իսկ այ նույն սեռի բիսեքսուալ անձանց կազմած զույգը բախվում է նույն խնդիրներին ու նույն խտրականությանը։ Հասարակությունն իրենց չի տարբերում հոմոսեքսուալներից։ Այսինքն, քանի դեռ խաղում ես մեծամասնության սահմանած կանոններով, ունես հակառակ սեռի զուգընկեր՝ քեզ ընդունում են։ Հակառակ դեպքում բախվում ես հոմոֆոբիայի։ Սա ամենաակնառու փաստարկն է, որ մարդիկ պարզապես իրազեկված չեն, ինչ հետևանքով լուրջ չեն վերաբերվում բիսեքսուալ անձանց, այլ ոչ թե ավելի հանդուրժող են։ Հարկավոր է հաստակեցնել՝  անձը բիսեքսուալ լինել չի դադարում, անգամ եթե ամուսանա և վերջնական ընտրություն կատարի՝ այս կամ այլ սեռի օգտին։

 

 

Մերին և Լուսինեն (անուններն իրենց ցանկությամբ փոխված են) երկուսն էլ բիսեքսուալ են։ Իրենց օրինակով փաստեցին, որ անցել են նույն փորձությունների միջով, ինչպիսիք լինում են գեյերի կամ լեսբիների կյանքում պայմանավորված նույն խտրականությամբ։ «Մենք խտրականության, շանտաժի ենթարկվել ենք ուրիշների նախանձի պատճառով», — նշեց Մերին, իսկ Լուսինեն ավելացրեց, որ ավելի լավ է, երբ դիմացինդ ունի ցանկացած կարծիք, որովհետև՝ «Կարծիքն, ի տարբերություն անտարբերության, փոխել հնարավոր է։ Անտարբերությունն է, որ ծնում է անտարբերություն»։

 

 

«Ես չեմ սիրում պիտակավորումներ, ես մարդ եմ, ով սիրում է», — ավարտեց իր խոսքը Լուսինեն։ 

 

 

Մինչև ե՞րբ պիտի ընկնենք ծայրահեղությունների գիրկն, անձի վարքագծին վերագրելով մեր պատկերացումներն ու սահմանումներ տալով սահմանափակենք մեր իսկ մտահորիզոնը։ Ի վերջո, աչք փակելով այս կամ այն երևույթի վրա, բոլորս դառնում ենք ավելի խոցելի։ Գիտակցելով և ընդունելով մարդկանց բազմազանությունը, մենք ինքներս ձևավորում ենք այնպիսի հասարակություն, որտեղ հարմարավետ կլինի ապրել առաջին հերթին հենց մեզ։



* Բիսեքսուալ — Մարդ, ով ռոմանտիկ, զգայական և/կամ ֆիզիկական գրավչություն կարող է զգալ նույն սեռի/գենդերի, ինչպես նաև հակառակ սեռի/գենդերի անձի կամ անձանց նկատմամբ,
**Մոնոսեքսուալ — Մարդ, ով ռոմանտիկ, զգայական և/կամ ֆիզիկական գրավչություն կարող է զգալ միայն մեկ սեռի/գենդերի նկատմամբ,
***Պանսեքսուալ — Մարդ, ով ռոմանտիկ, զգայական և/կամ ֆիզիկական գրավչություն կարող է զգալ անձի կամ անձանց նկատմամբ անկախ սեռական կողմնորոշվածությունից և գենդերային ինքնությունից
****Լատենտ — Մարդ, ով ունի հասարակության համար անընդունելի սեռական կողմնորոշում, որը իր կողմից չի գիտակցվում և չի արտահայտվում բացահայտ գործողություններով։

 

 

Սաթի Ավագյան

 

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: