Տրանս* անձանց ազգային աշխատանքային խումբ․ կանոնակարգի մշակման հանդիպում

2020 թվականի հոկտեմբերի 5-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Տրանս* անձանց ազգային աշխատանքային խմբի (ՏԱԱԽ) հիմնական անդամների հանդիպումը՝ խմբի կանոնադրության մշակման վերաբերյալ։ ՏԱԱԱԽ-ի հիմնական անդամները ներկայացնում են Հայաստանում տրանս* անձանց հիմնախնդիրներով զբաղվող հետևյալ կազմակերպությունները՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ, «Հանուն հզոր ապագայի» երիտասարդական ՀԿ, «Քալրֆուլ հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ, «Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ, «Հավասարություն բոլորի համար» իրավապաշտպան ՀԿ։

 

Հանդիպման մեկնարկին «Տրանս* քարտեզը ԱԵԿԱ-ում» ծրագրի համակարգող և ՏԱԱԽ-ի անդամ Հմայակ Ավետիսյանը ներկայացրեց նման ձևաչափով աշխատելու կարևորությունը և արդյունավետությունը, ինչպես նաև առաջադրեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ծրագրերի օգնական Վ․ Մ․-ի թեկնածությունը որպես խմբի ֆասիլիտատոր։ Մասնակիցները ներկայացրին իրենց և խմբին միանալու իրենց մոտիվացիան։ Լսելով Վ․ Մ․-ի մոտիվացիան, խմբի անդամները միաձայն հավանության արժանացրին նրա թեկնածությունը։

 

Հանդիպման երկրորդ մասը վարեց խմբի կանոնադրության մշակման փորձագետ, իրավաբան-փաստաբան Հասմիկ Պետրոսյանը, որը ակտիվ հարց ու պատասխանի, քննարկումների միջոցով դուրս բերեց կանոնադրության վերաբերյալ կարևոր հատվածները և հարցերի պատասխանները։

 

Բացի կանոնադրության վերաբերյալ  հարցերից՝ խմբի անդամները նաև քննարկեցին խմբի աշխատանքները կազմակերպելու ձևաչափը, առցանց հարթակները, որոնք պետք է օգտագործվեն շփումը մշտապես պահելու համար։

 

Աշխատանքային խմբի համակարգող ընտրվեց «Ֆիռլես» իրավապաշտպան ՀԿ նախագահ, տրանս* ակտիվիստ Նորա Աղազարյանը։

 

Հանդիպումը անցավ չափազանց ակտիվ և խանդավառ մթնոլորտում։ Խմբի անդամները պատրաստակամություն հայտնեցին նույն ոգով շարունակելու աշխատանքները և նպաստելու Հայաստանում տրանս* անձանց հիմնախնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանությանը և տեսանելիության բարձրացմանը։