ԼԳԲՏԻ անձինք և աշխատանքը

Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք. նշված է ՀՀ սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին կետում, մինչդեռ ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչները փաստում են, որ Հայաստանում իրացված չէ իրենց այդ, ինչպես նաև շատ այլ իրավունքներ՝ պայմանավորված սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հետ։

 

 

Տրասգենդեր Նորա Պետրոսյանը մասնագիտությամբ բուժքույր է, թեև փորձել է իր մասնագիտությամբ աշխատել, բայց չի հաջողվել. «Դիմել եմ ատամնաբուժարան, շտապօգնության բաժանմունք, բայց չեն ընդունել, պատճառաբանել են, թե տեղ չունեն, հարմար չէ»։ 

 

 

2017 թվականին կարողացել է աշխատանք գտնել միայն սպասարկման ոլորտում․ սրճարանում մատուցող էր։ Նորան պատմում է, որ սրճարանում  աշխատելիս էլ բազմիցս  ենթարկվել է խտրականության։ Նրա խոսքով՝ գործատուն ի սկզբանե տեղյակ է եղել իր սեռական կողմնորոշման մասին, բայց խնդիրներ են առաջացել հաճախորդների հետ. «Սրճարանի այցելուները ասել էին, որ չեն ցանկանում, որ իրենց գեյ սպասարկի, ուտելիք տա, որովհետև դա հակահիգիենիկ է։ Տնօրենն էլ ասաց, որ իմ պատճառով հաճախորդներ է կորցնում, որ այլևս չգնամ աշխատանքի»։

 

 

Նորա Պետրոսյանը  այժմ   զբաղվում է  նաև սեքս աշխատանքով։

 

 

Խոսելով աշխատանքային հարաբերություններում խտրականության մասին Իրավաբան Շուշան Խնկոյանը՝ նշում է, որ խնդիրը ՀՀ օրենսդրության մեջ խտրականության արգելքի վերաբերյալ առանձին օրենք չունենալն է.   «Թեև ՀՀ աշխատանքային օրենսգրքի  3.1 հոդվածով արգելվում է խտրականությունը, սակայն առանձին չի նշվում ՍԿԳԻ հիմքով արգելքի մասին։ Օրենքով միակ կետը, որով կարող ենք պաշտպանվել սոցիալական բնույթի կամ այլ հանգամանքներով խտրականության արգելքի հիմքն է»։

 

 

Նորան նշում է, որ տեղյակ է Աշխատանքային օրենսգրքի այդ կետի մասին. «Ոչ մի գործատու բացահայտ չի ասում, որ գործից հեռացնում է սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով, այլ պատճառներ են մեջբերում, դրա համար էլ չենք կարողանում դիմել օրենքին»։

 

 

Իրավաբանի խոսքով՝ գործատուն աշխատանքից ազատման հրամանի մեջ այլ հիմք է նշում, ինչը փոքրացնում է պաշտպանության մեխանիզմները։

 

 

Գեյ Ալասկան (անունը փոխված է) էլ նշում է, որ քանի դեռ չէր բացահայտել իր սեռական կողմնորոշումը, աշխատանքի հետ կապված խնդիրներ չէր ունենում։ Այդ ժամանակ աշխատում էր պահեստում  որպես բանվոր։ Հետո, երբ բացահայտել է իրեն, կարողացել է աշխատանք գտնել միայն սպասարկման ոլորտում։ Այժմ էլ աշխատում է սրճարանում որպես մատուցող։ Մասնագիտությամբ մարքեթինգի մենեջեր է. «Մեկուկես տարի աշխատել եմ մեկ վայրում որպես մատուցող, առաջին մի քանի ամիսը խնդիրներ առաջացան։ Տնօրենիս ընկերը տեսել էր ինձ փողոցում ընկերներիս հետ քայլելիս։ Հաջորդ օրը եկել էր սրճարան, մոտեցա, որ սպասարկեմ, ասաց՝ թող ուրիշը գա»։ Այնուհետև  Ալասկային գործատուն մեկ ամիս ժամանակ է տվել աշխատանքից հեռանալու համար, սակայն տեսնելով վերջինիս աշխատանքային հմտությունները՝ փոխել է մտադրությունը և չի ազատել աշխատանքից։ Ալասկայի խոսքով՝ աշխատանքային գործընթացներում բազմիցս ենթարկվել է խտրականության, անգամ գործընկերների կողմից. «Մի օր գործընկերներիցս մեկն ասաց, որ ինձ են քննարկում։ Աշխատանքի վայրում քննարկում էին իմ սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը, իսկ ես պատասխանեցի, որ թքած ունեմ, ես եկել եմ աշխատանքի, չեմ եկել, որ անձնական կյանքս քննարկեն»։    Ալասկայի խոսքով՝ գործատուները աշխատանքից ազատելիս չեն նշում սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը, պարզապես այլ պատճառներ են առաջ քաշում։

 

 

Իրավաբան Շուշան Խնկոյանի խոսքով՝ գործատուներն իրենց ապահովագրելու համար են այդպես ասում, քանի որ  աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի խտրականության հիմք հանդիսացող  որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից. «Պետք է հասկանալ, որ եթե մարդն իր գործը պատշաճ անում է, ի՞նչ տարբերություն՝ գեյ է, թե հետերոսեքսուալ»։

 

 

Ըստ իրավաբանի՝ ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչները հիմնականում չեն աշխատում պետական բարձր պաշտոններում. «Հայաստանում նույնասեռականությունը դեռևս հոգեկան հիվանդությունների շարքին է դասվում։ Օրինակ՝ եթե զինծառայության պետք է գնան, նշում են այդ փաստը ու կառավարության որոշման համաձայն՝ ազատվում են զինվորական ծառայությունից։ Հետո դա բնականաբար պատճառ է դառնում բարձր պաշտոններում աշխատանք չգտնելուն»։

 

 

Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքն է, իսկ աշխատանքային հարաբերություններում պետք է հաշվի առնել մարդու անձնային ու մասնագիտական պատրաստվածությունը։

 

 

 

Անհրաժեշտ հասկացություններ/ հապավումներ

 

ԼԳԲՏԻ — լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս։

 

ՍԿԳԻ— սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

 

Տրանսգենդեր— մարդ, ում հոգեսոցիալական սեռը չի համընկնում ծննդյան պահին վերագրված սեռին:

 

Գեյ-Մարդ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն, ինչպես նաև ինտիմ և սեռական հարաբերություններ և/կամ հարաբերությունների ցանկություն ունի նույն սեռի անձանց նկատմամբ։։

 

Հետերոսեքսուալ— Մարդ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն, ինչպես նաև ինտիմ և սեռական հարաբերություններ և/կամ հարաբերությունների ցանկություն ունի հակառակ սեռի անձանց նկատմամբ։

 

 Շուշանիկ Միսկարյան

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: