Սեռափոխության խնդիրը Հայաստանում

Ասում են՝ բնությունը չի սխալվում, և յուրաքանչյուր ոք պետք է հարմարվի իրեն տրված ֆիզիկական կարգավիճակի հետ։ Սակայն ոմանք ի ծնե ունեն,օրինակ, շնչառական խնդիրներ, որոնք բժշկությունն ի զորու է լուծել։ Դա, իհարկե, խրախուսվում է հասարակության կողմից․ չէ՞ որ շնչառությունը կենսական նշանակություն ունի անձի օրգանիզմի բնականոն աշխատանքի համար։ Իսկ ի՞նչ կասեն նույն մարդիկ նույն բնության անսխալական լինելու վերաբերյալ, երբ պարզվի, որ այն սխալվել է, օրինակ, սեռը ձևավորելիս։ Իհարկե, կլսենք, որ բնությանը դեմ գնալ չի կարելի։ Իսկ եթե լավ մտածե՞նք․․․



Փաստ է, որ մեզանից յուրաքանչյուրը դեռ վաղ տարիքից սոցիալիզացիայի կարիք ունի։ Իսկ ինչպե՞ս է դա արտահայտվում։ Երեխան ամեն հարցում ձգտում է ստանալ ծնողի բարեհաճությունը հատկապես ընդօրինակելով նրա վարքագիծը։ Սակայն կան երեխաներ, որ դեռ մանկուց տարբերվում են։ Ուշադիր ծնողը իհարկե նկատում, սակայն ոչ միշտ է ընդունում դա։ Սովորաբար անձն ինքն է այդ մասին բարձրաձայնում ուշ դեռահասության կամ վաղ պատանեկության շրջանում։

 


Խոսքը տրանս* անձանց մասին է։ Անձինք, որոնք իրենց մարմնի հետ հաշտ չեն, որոնք ստիպված են ապրել այդպես երկար տարիներ, հաճախ նույնիսկ ամբողջ կյանքում։ Ժամանակակից գիտությունը գտել է լուծում այս խնդրին ևս։ Անձը կարող է սեռափոխության վիրահատություն կատարել։ Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:



Ցավոք, սեռափոխության դիմելը Հայասատանում շատ մեծ խնդիր է։ Ըստ համաշխարհային փորձի, եթե անձը բացահայտում է, որ իր գենդերը տարբերվում է իր կենսաբանական սեռից, պետք է նախ դիմի հոգեբանի, այնուհետև համապատասխան բժիշկների, որոնք կարող են կատարել սեռափոխության բարդ ու ռիսկային վիրահատությունը։ Ամբողջ գործընթացը պետք է տևի տարիներ՝ անձի հոգեկան և ֆիզիկական առողջությանը չվնասելու համար։ Սակայն Հայաստանում իրականությունն այլ է։ Տրանս* անձը չի կարող դիմել  իրեն անհանգստացնող հարցով, քանի որ այս դաշտի վերաբերյալ չկան օրենսդրական կարգավորումներ, հետևաբար չկան նաև համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ։ Անգամ հասարակ քթի վիրահատության դեպքում պացիենտին պատրաստում են հոգեպես և զննում ֆիզիկապես, եթե կա մի փոքր վտանգ, որ հետագայում արդյունքը չի համապատասխանի սպասումներին, շատ բժիշկներ հետաձգում են վիրահատությունը։ Այդ ամենը կատարվում  է ընդամենը կոսմետիկ վիրահատության դեպքում։ Իսկ սեռափոխությունը բավականին բարդ գործընթաց է, որից կախված է անձի հետագա լիարժեք կյանքը։ Սա բավականին բարդ խնդիր է, սակայն ո՞րն է առաջարկվող լուծումը։ Ցավոք,Հայաստանը այս խնդրի լուծման մասին չի էլ մտածում, քանի որ անտեսում է անգամ խնդրի գոյությունը։ Եվ այստեղ տրանս անձինք օրինական կարգով չեն կարող վիրահատություն կատարել, որի պատճառը օրենսդրական կարգավորումներն են։ Դա էլ հանգեցնում է նրան, որ վիրահատությունները կատարվեն գաղտնի կերպով կամ արտերկրում։ Սակայն նրանցից ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ վիրահատվել արտերկրում, քանի որ դա ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում։

 

 

Այսպիսով,  ինչու՞ սեռափոխության խնդիրը Հայաստանում  չի ստանում պատշաճ լուծումներ։ Այս հարցի շուրջ զրուցել ենք տրանսգենդեր կին Մոնիկա Սարկիսյանի հետ, որն ավարտին է հասցրել սեռափոխության վիրահատությունների շարքը 2020թ․ մարտ ամսին, Մարինե Ստեփանյանի հետ (անունն ու ազգանունն իր ցանկությամբ փոխված  են), որը տրանսգենդեր կին է․ նա ցանկանում  է կատարել սեռափոխություն, և իրավաբան — փաստաբան Անահիտ Մկրտչյանի հետ։

 

 

Ընդունված նորմայից  տարբերությունները  անձի մոտ ի հայտ են գալիս հիմնականում դեռ մանկուց։ Վաղ տարիքում երեխան գաղափար անգամ չունի, թե ինչ է իր հետ կատարվում, երբ իր և հասակակից նույն սեռի ներկայացուցիչների հետաքրքրությունները չեն համընկնում։ Իսկ ծնողները՝ որպես հասարակության կարծիքն իրենց մեջ կրող, «ամոթի զոհ» են դառնում և փորձում որքան հնարավոր է արագ ուղղել այդ «սխալը»։ Այլ տարբերակ չտեսնելով՝ նրանք սկսում են ճնշում գործադրել մանկան փխրուն հոգեբանության վրա։

 

Ե՛վ Մոնիկան, և՛ Մարինեն նշում են, որ դեռ մանկուց օտար են զգացել իրենց սեփական մարմնի մեջ, իսկ սեռափոխության մասին երկուսն էլ սկսել են մտածել 17-18 տարեկանում։ Ու երբ խոսել են իրենց գենդերային ինքնության մասին տանը, երկուսին էլ արդյունքում դուրս են արել։

 

Սա առաջին խնդիրն է, որին տրանսգենդեր անձը բախվում է արդեն միայնակ։ Հետագայում խնդիրները միայն ավելանում են։ 

 

 

Մոնիկան սկսել է կանացի հորմոններ պարունակող հակաբեղմնավորիչներ ընդունել 18 տարեկանից։ «Հայաստանում չկա էնդոկրինոլոգ, որը կզբաղվի հենց տրանս* անձանց խնդիրներով։ Մենք հատուկ տրանս* անձանց համար նախատեսված հորմոններ չենք կարող ընդունել, որովհետև Հայաստանում դրանք ուղղակի գոյություն չունեն։ Իսկ բժիշկը, փոխարինող դեղեր նշանակելով, ազատված է իրավական պատասխանատվությունից», -նշում է նա։ 

 

 

Փաստաբան Անահիտ Մկրտչյանը հաստատում է դա՝ ավելացնելով, որ բուժհաստատություններում ապացույց չկա, որ տրանս* անձինք նման դեղեր են ընդունում, հետևաբար նրանք զրկվում են հետագա պաշտպանությունից, չնայած հնարավոր է սահմանադրական կարգով հղում անել անձի այլ իրավունքներին։ Այս մասին խոսելիս տրանսգենդեր կին Մարինեն շեշտեց․ «Ես երբեք չեմ ընդունել այդ դեղերը, քանի որ գնահատում եմ առողջությունս։ Դա ինձ համար ինքնասպանության պես մի բան է․ ես ուզում եմ դառնալ կին, բայց առողջ կին»։

 

 

Դիցուք՝ «հորմոնալ թերապիան» անցնող անձը ցանկանում է նաև կատարել սեռափոխության վիրահատություն։ Անահիտ Մկրտչյանը հաստատում է, որ Հայաստանում սեռափոխության վերաբերյալ արգելք կա և ավելացնում, որ ՀՀ ՔԿԱԳ-ում ասվում է, որ ծննդյան վկայականում կարելի է փոփոխություն կատարել սեռի վերաբերյալ․ «Այսինքն՝ նման բան նախատեսում են, բայց նաև գործում է սահմանադրական արգելք»։ Երկակի ստանդարտնե՞ր, թե՞ բացթողում, որի հիմքում ընկած է տրանս* անձանց անտեսանելի լինելը։ Իսկ Մարինեն այս կոնտեքստում նաև ավելացնում է,որ պետությունն ընդունում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսակետն ամեն ինչի վերաբերյալ, բացի տրանս անձանց առողջությանն առնչվող առաջարկություններին։

 

 

Այս հարցով  քայլեր են ձեռնարկում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները։ Անահիտ Մկրտչյանը նշում է․ ««Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն օրենքի նախագիծ է մշակել անձի գենդերային ինքնության ճանաչման մասին։ Իսկ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Շուշան Խնկոյանն ավելացնում է, որ օրենքի նախագիծն ուղարկվել է ՀՀ առողջապահության և Արդարադատության նախարարություններին՝ ծանոթացման և համապատասխան մասնագիտական եզրակացություն տրամադրելու համար։ ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացել են պատասխան, համաձայն որի նախագիծը քննարկման ենթակա չէ։ Իսկ Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը կքննարկեն նախարարության կողմից համապատասխան օրենսդրական փոփոխությունների համատեքստում։ 

 

 

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Իրավիճակը փոխելու համար ձեռնարկվում են քայլեր, որոնք անգամ ուշադրության չեն արժանանում։ Սակայն արդյո՞ք կարող է մեզնից ինչ-որ մեկը վստահաբար ասել, որ մի օր իր կաշվի վրա չի զգալու այս խնդիրն ու իրենից բխող հետևանքները։ Երբեք մի՛ ասա «երբեք»։

 

Սաթի Ավագյան

 

 

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի տեսակետները: