ԼԳԲՏԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՊ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Շատերս չենք գիտակցում, թե ինչ խնդիրների են բախվում ԼԳԲՏ անձինք ամեն օր, կարծելով, որ բավական է ընդունել նրանց ապրելակերպը և մարդկության հավասարության հարցը լուծված է։ Բայց արդյո՞ք խնդիրն այդքան մակերեսային է։ Պատկերացրեք՝ լինել հասարակության լիիրավ անդամ, սակայն չկարողանալ բավարարել հասարակ մարդկային պահանջմունքներ՝ ընտանիք կազմել, երեխա ունենալ, սիրել ու լինել սիրված անգամ ընտանիքի անդամների կողմից։ Հասարակության անդամների ճնշող մեծամասնության համար այդ հարցերը հասարակ առօրեական որոշումներ են, որոնք ամեն անհատ ինքն է իր համար կայացնում։ Բայց ոչ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները։

 

Սակայն այսօր այդ հարցը չէ, որ պիտի քննարկենք։ Հասարակությունն, առհասարակ, հակված է ընդունել կամ չընդունել անձի սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը։ Ինչը երկու դեպքում էլ խտրականության դրսևորում է, քանի որ այդ հատկանիշները քննարկման ենթակա չեն։ Նման դրսևորումների օրրան կարելի է համարել հայաստանյան յուրաքանչյուր ՔԿՀ, որտեղ տիրում են վաղեմի սահմանված կանոններ, իսկ նրանք, ովքեր այդ կանոններին չեն հետևում, պիտակավորվում ու դուրս են մղվում հաստատության կյանքի բնականոն ռիթմից։

 

Համայնքի ներկայացուցիչները, ազատության մեջ գտնվելով, ամեն օր բախվում են իրենց մասին կարծրատիպային պատկերացումների, իսկ բանտախցում հայտնվում են վատթարագույն իրավիճակում՝ խոշտանգված ու անտեսված։

 

Այս խնդիրը բարձրաձայնելու  և այն ավելի տեսանելի դարձնելու համար զրուցեցինք նախկինում ազատազրկված ԼԳԲՏ անձանց և քրեակատարողական հաստատություններում հասարակական վերահսկողություն իրականացնող անդամների ու խմբի նախագահի հետ։

 

Դիտարկենք երկու պատմություն, որոնց միջև զուգահեռներ անցկացնելով՝ կարող ենք որոշակի պատկեր կազմել ՔԿՀ-երում ԼԳԲՏ անձնանց կյանքի մասին։

 

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Կարենը (անունն իր ցանկությամբ փոխված է) ձերբակալվել է 2015թ։ 

 

Տրանսգենդեր կին Լիլիթը ՔԿՀ-ում է եղել 2017-2019թթ։ Դատական գործը դեռ ընթացքի մեջ է։ Նա փորձում է ապացուցել իր անմեղությունը, քանի որ իրեն կալանքի տակ պահելու համար բավականաչափ հիմքեր չեն եղել։

 

Երկուսն էլ պնդում են, որ դատավորի որոշումը մասամբ պայմանավորված է եղել իրենց անձի հանդեպ խտրականությամբ։ Սակայն որոշումը վիճարկելու համար դա բավականաչափ կշիռ ունեցող պատճառ չի հանդիսանում։

 

Քրեակատարողական հաստատություն մուտք գործելուն պես ներսում անձի մասին արդեն ամեն ինչ գիտեն։ Նույնասեռականի հետ չեն շփվում, ստիպում են առանձին տեղում պահել սեփական օգտագործման ափսեները, սահմանափակում են շփումն այլոց հետ։ Թե՛ Լիլիթը, թե՛ Կարենը պայքարել են իրենց իրավունքների համար։ Վերջինս նույնիսկ հացադուլ է հայտարարել։

 

Ինչպես նշում է Կարենը․ «Նախ քեզ ներգրավում են իրենց «գողական աշխարհ», հետո այդ համոզմունքների համաձայն, դասում որպես 4-րդ կարգի անձնավորություն»։ Լիլիթը շեշտում է․ «Իմ բանտախցում հետս նույնիսկ մանկապիղծ կար, ու մեզ նույն կերպ էին վերաբերում»։ Ստացվում է՝ ՔԿՀ-ներում մանկապիղծներն ու ԼԳԲՏ անձինք նույնացվում են, հավասարվում։ Սա ապտակ է ոչ միայն համայնքին, այլ նաև այն հաստատությանը, որտեղ տիրում են նման «օրենքներ»։

 

Ըստ Կարենի՝ իրենց համար հատկացված բանտախցերում ևս կային «նայողներ», որոնց նշանակում է բանտի «գլխավոր նայողը»։ Ի՞նչ է սա նշանակում։ Բոլոր ազատազրկվածները հեռու են պահում իրենց ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներից, անգամ չեն դիպչում իրենց օգտագործած ափսեներին, չեն ցանկանում նույն սենյակում քնել ու արթնանալ, բայց դեմ չեն վերջիններիս հետ սեռական հարաբերություններ ունենալուն և պետք է նրանց բանտախցերում կատարված ամեն ինչի մասին տեղեկացված լինեն։ Խեղաթյուրված արժեքներ են, որտեղ կան միայն կանոններ, որոնք իրենց արդարացումը գտնում են որտե՞ղ։ Իհարկե, նորից «գողականների» արժեհամակարգում։

 

Նույնիսկ ԼԳԲՏ համայնքի անդամներին են ներարկում այն միտքը, որ բանտում սեռական կողմնորոշումը ստիպված բացահայտելն ի օգուտ իրենց է արվում։ «Եթե այնպես ստացվի, որ ուրիշից իմանան, իսկ դու թաքուն պահած լինես, քեզ կվնասեն, շատ վատ կլինի քո համար։ Քո շահերից ելնելով պետք է ասես», — ավելացրեց Լիլիթը։ Ի՞նչ է դա, եթե ոչ մարդու իրավունքների խախտում։ Իրենք ստեղծել են կանոններ, ապրում են դրանց համաձայն և օգտագործում սեփական հաճույքի համար բոլոր նրանց, ում կարող են ճնշել այդ կանոններից ելնելով։

 

«Այո՛, խնդիրը համակարգային է, սակայն, ըստ դիտարկումների, ավելի խիստ է տղամարդկանց շրջանում», -նշում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը, իսկ Հասմիկ Հարությունյանը՝  ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահը՝ հաստատում, որ անձամբ չի նկատել նման խնդիր կանանց շրջանում։

 

Ավելորդ չէ նշել, որ ոչ բոլորն են պատրաստ դիմակայել ու հակահարված տալ՝ հարգանք պահանջելով։ Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր այդքան դիմակայելու ուժ չունեն։ Այս հարցը դեռևս բաց է մնում։

 

Ասում են՝ ձուկը գլխից է հոտում։ ՔԿՀ-ներում համայնքի ներկայացուցիչներին բոլորը հորդորում են լռել, եթե իրենց հետևից խիստ վիրավորական արտահայտություններ են հնչում։ Սակայն Կարենը չի լռել, պայքարել է տարբեր ձևերով ու ՔԿՀ-ի աշխատակիցներից լսել այն, որ այս տեմպերով շուտով անհնար կլինի իր անվտանգությունն ապահովելը։ Ստացվում է՝ նրանք, ովքեր ունեն հնարավորություն հաստատության ներսում այլ կարգ հաստատելու, իրենք էլ խաղում են նույն կանոններով։ Խնդիրն արմատներից լուծելու փոխարեն փորձում են վերացնել հետևանքները։

 

Վարկածը հաստատում է նաև Հասմիկ Հարությունյանը, իսկ Նարե Հովհաննիսյանը հավելում․ «Օրինակ, սանիտարահիգիենիկ աշխատանքներ կատարելու համար հատուկ հաստիք պիտի առանձնացվի, սակայն պետությունն այդ հարցը չի դիտարկում, քանի որ նման աշխատանքներ իրականացնելու համար պետք է անձամբ դիմում ներկայացնել։ Բայց ինչպե՞ս է ստացվում, որ նման աշխատանքներ կատարելու ցանկություն են արտահայտում բացառապես ԼԳԲՏ անձինք»։ Կրկին սպասելիքները ջախջախվում են նույն պատին։ Հարցը գրեթե հռետորական է։

 

Մեծագույն խնդիր է նաև բանտի աշխատակիցների վերաբերմունքը։ Լիլիթն ինքնասպանության փորձ է կատարել՝ ոտքից թուք ներարկելով, և իրեն ոչ ոք բուժօգնություն չի ցուցաբերել, ոչ էլ շտապօգնություն են կանչել, մինչև չեն տեղեկացվել, որ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդներն են գալիս։ Փաստորեն, դիտորդները փրկել են իր կյանքը։ Սակայն այլ կարծիքի է մեր հարցազրույցի մյուս հերոսը. «Վերաբերմունքը՝ զրո, գործողությունները ևս։ Իրենք պարզապես գալիս, կարեկցում ու գնում են», — նշում է նա։

 

Միգուցե տպավորությունն այդպիսին է, սակայն դիտորդների արձանագրություններում նշված են ամենաահարկու խնդիրները՝ սկսած պայմաններից, որտեղ մարդ արարած բնակեցնելն առհասարակ վիրավորական է, մինչև ներքին նորմերի կարգավորում։ Խնդիրները տեսնում են, դրանց մասին խոսում են, սակայն առավել ոչինչ չի արվում։ Նարեն նշում է, որ իրենց աշխատանքը ԼԳԲՏ անձանց դեպքում ավելի բարդ է, քանի որ նախ պիտի Արդարադատության նախարարությունը ճանաչի խնդրի առկայությունը, ընդունի, որ տվյալ խնդիրն իրոք խնդիր է հանդիսանում։ Այսինքն, կրկին բախվում ենք գիտակցական մակարդակի խոչընդոտների։ Այս անգամ արդեն պետական մասշտաբով։

Լուրջ խնդիր է նաև կրկնակի խտրականության մեջ հայտնվելը։ Մինչ ձերբակալվելը, շրջապատին իր գենդերային ինքնությունը բացահայտելուց հետո առաջացած խնդիրների պատճառով Լիլիթը զբաղվում էր հեռավար տեքստային և սեքս աշխատանքներով։ ՔԿՀ-ից դուրս գալուց մինչ օրս ունի ինտեգրվելու խնդիր․ «Տիրապետելով հայերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն և ուկրաիներեն լեզուների՝ ամեն տեղ լսում եմ, որ արդեն գտել են աշխատակից»։ Այժմ զբաղվում է ցեղական կենդանիների սելեկցիայով և ստիպված վերադարձել է սեքս աշխատանքին, ինչն անում է զզվանքով, անտիդեպրեսանտներ ընդունելով։ Ինտեգրման խնդիրը հետևում է նաև Կարենին։

 

Ամեն դեպքում շատ բան կախված է նաև ձերբակալված անձից։ Լիլիթը վստահ է․«Ապրելով հասարակության մեջ, կան նորմեր, որոնք պետք է պահես, հակառակ դեպքում՝ պատրաստ եղիր հարված ստանալ»։ Հակառակ դրան, Կարենը պնդում է, որ հակահարված պետք է տալ յուրաքանչյուրին, ով «կլիշեներով» է մոտենում սեփական անձիդ։ Որպես կանոն, ոմանք, Լիլիթի պես կոփվում են՝ հարմարվելով իրավիճակին, ոմանք էլ սկսում են ավելի եռանդուն պայքարել բանտի ներսում և, իհարկե, ազատության մեջ։

 

Սակայն, ինչպես նշում է Նարեն․ «Մեր բարձրացրած խնդիրները համակարգային են։ Գլոբալ առումով դրական միտում չկա»։ Հասարակական գործունեության հարցում մեզ կարող են օգնել հասարակական կազմակերպությունները։ Զրուցեցինք «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի Նախագահ Սերգեյ Գաբրիելյանի հետ։ Նա ևս հատուկ շեշտադրում կատարեց պետական մարմինների վրա, սակայն չբացառեց նաև ՀԿ-ների դերն այս խնդրի լուծման մեջ․ «Հասարակական կազմակերպություններն աշխատում են տարբեր խմբերի հետ և ամենալավը գիտեն ոլորտային խնդիրները, լուծման մեխանիզմները։ ՀԿ-երի անդամակցությունը և ներգրավվածությունը պետք է խրախուսվի պետական մարմիններում ստեղծվող և գործող խորհուրդներում։ Այդ գործընթացում, սակայն, բացեր ևս կան․ տեղերը սահմանափակ են, իսկ ընդգրկման մեխանիզմները և չափորոշիչները՝ անհասկանալի, ինչն իր հերթին խոչընդոտում է ՀԿ-երի ներգրավվածությանը»։

Զրույցից նաև պարզ դարձավ, որ դիտորդների խմբի կողմից արձանագրված շատ խնդիրների մասին բարձրաձայնում են նաև ՀԿ-ները, սակայն ԼԳԲՏ անձանց ձայնազուրկ լինելը նույնիսկ չի դիտարկվում որպես նորմայից դուրս երևույթ։ «Հայաստանի պետական մարմիններին կից խորհրդակցական խորհուրդներում և/կամ մարմիններում տեղեր չեն հատկացվում ԼԳԲՏ անձանց համար։ Հատկապես ցավալի է, որ մինչ օրս ՄԻԱՎ-ի ու ՁԻԱՀ-ի կանխարգելման Միջոցառումները համակարգող հանձնաժողովում ՏՍՏ և տրանս* անձինք ներգրավված չեն։ Ստացվում է այնպես, որ Հանձնաժողովը որոշումներ է կայացնում, որի անմիջական կրողը ՏՍՏ և տրանս* անձինք են, սակայն նրանք դուրս են մնում իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացից», -ավելացնում է Սերգեյը։ Սա շատ կարևոր խնդիր է նաև ազատազրկված ԼԳԲՏ անձանց համար, քանի որ, ինչպես նշում է Լիլիթը՝ բերդում ամեն երրորդը սեռավարակ ունի։


Պարզապես աբսուրդային իրավիճակ է, այնպես չէ՞։ Այո՛, խնդիրները շատ են ու մասշտաբային, ըստ Սերգեյի՝ ««Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն և մենք՝ իրավապաշտպաններս, հնարավորինս ամեն ինչ անում ենք, որ բոլոր օղակներում և մարմիններում պաշտպանված լինեն ԼԳԲՏ մարդկանց իրավունքները։ Բայց պետք է հասկանալ և ընդունել մի պարզ բան, որ ամեն ինչ ապարդյուն կլինի, եթե պետությունը՝ ի դեմս գործադիր և օրենսդիր մարմինների, չունենա քաղաքական կամք՝


1․ Փոփոխություններ կատարելու Հայստանում,
2․ Լսելի դարձնելու իրավապաշտպանների և ԼԳԲՏ մարդկանց ձայնը՝ նրանց հիմնախնդիրներով զբաղվող իրավապաշտպան կառույցներին ներգրավելով և հնարավորություն տալով ընդգրկվելու տարբեր խորհրդակցական խորհուրդներում ու մարմիններում և արտահայտելու իրենց կարծիքները որոշումների կայացման գործընթացում»։

 

Իհարկե, պետք չէ նստել ու սպասել, թե երբ պետությունն ուշադրություն կդարձնի նշված հիմնախնդիրներին։ Ինչպես նշում է Նարեն․ «Կապ չունի՝ քանի անգամ ես բարձրաձայնել, խնդիրն անընդհատ պիտի պահես օրակարգում»։ Մի օր սառույցը հաստատ կհալչի։

 

Կարևոր է գիտակցել՝ խնդիրը վերաբերվում է յուրաքանչյուրիս, քանի որ բոլորս էլ հասարակության անդամ ենք և միայն բարձրաձայնելով կարող ենք հասնել արդյունքի։ Եթե համապատասխան մարմինները տեսնեն, որ մենք ինքներս բավականաչափ կարևորություն ենք տալիս յուրաքանչյուր նման պրոբլեմի, այդ դեպքում, դանդաղ, բայց հաստատուն քայլերով, հնարավոր է ունենանք հասարակություն, որտեղ ամոթալի կլինի ներխուժել անձնական տարածք ու ըստ ինտիմ կյանքի կանխորոշել, թե ինչ դիրք պիտի զբաղեցնի այդ հասարակության մեջ տվյալ անհատը։

Քանի դեռ ճիշտ է համարվում միայն մեծամասնության կարծիքը, փոքրամասնությունը պետք է է՛լ ավելի լսելի արտահայտի իր տեսակետը։

 

Չէ՞ որ, ի վերջո, ուժեղի մոտ միշտ չէ, որ թույլն է մեղավոր։ 

 

Սաթի Ավագյան

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի տեսակետները: