ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչները հանդիպեցին դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների հետ

2020 թվականի հուլիսի 8-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ գրասենյակում Հայաստանի ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչները հանդիպեցին Հայաստանում Շվեդիայի խորհրդական-դեսպանորդ Ն․Գ․ Բիրյեր Կարլսոնի և Արգենտինայի դեսպանության գործերի հավատարմատար Ն․Գ․ Միգել Չիլինգիրյանի հետ։

 

Հանդիպմանը մասնակցում էին նաև «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, ֆինանսական ղեկավար Արման Սահակյանը և ծրագրերի համակարգող Ալինա Միրզոյանը։

 

ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ողջունեց մեծարգո դեսպաններին, կարևորեց դիվանագիտական կառույցների դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման և խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

 

Հանդիպումը անցավ անկաշկանդ հարց ու պատասխանի, քննարկումների մթնոլորտում։ Համայնքի ներկայացուցիչները պատմեցին իրենց նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումներից, բռնության դեպքերից, կիսեցին իրենց կարծիքը Հայաստանում նոր իշխանությունների բերած փոփոխությունների վերաբերյալ։

 

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև դիվանագիտական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում տեղի ունեցած սոցիալական փոփոխությունները։

 

Մեծարգո հյուրերը շնորհակալություն հայտնեցին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու և անձնական պատմությունները կիսելու համար։

 

Համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին երկխոսության հարթակ ստեղծելու, ինչպես նաև դիվանագիտական մարմինների շարունակական աջակցության համար։