ԳԵՅ ԱՆՁԱՆՑ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՄԱՍ 2

Առաջին մասը կարդացեք այստեղ։ 

 

Վերջին տարիների ընթացքում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն արձանագրել է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնության և խտրականության  բազմաթիվ դեպքեր, տրամադրել աջակցություն, ինչպես նաև նպաստել մարդկանց իրազեկվածության բարձրացմանը՝ այդպիսով նվազեցնելով հետագա ռիսկերը:

 

Սամվելն (անունն իր կամքով փոփոխված է) արդեն 5-ից 6 տարի է` աշխատում է սպասարկման ոլորտում, մատուցող է, դժվարանում է հիշել, թե քանի աշխատավայր է ստիպված եղել փոխել: Մասնագիտություն ևս ունի, բայց քանի որ կրթությունը միջին մասնագիտական է, աշխատանք գտնել չի հաջողվել: 

 

Քոլեջում, որտեղ նա էր սովորում, գիտեին նրան որպես տարբերվող հագնվողի, ու անգամ սա բավարար էր խնդիրների և թարսուշիտակ հայացքների համար:

 

«Հիշում եմ` ես չէի հագնում ընդունված սև շալվար, այլ՝ պատռված ջինս, կեդերով էի ու երկար բլուզներով: Եվ սա առիթ էր տղաների համար ինձ հետ կռիվներ սարքելու»,-պատմում է Սամվելը:

 

Ընտանիքին իր կողմնորոշման մասին պատմելը հեշտ չի եղել՝ հատկապես, որ դրան հաջորդել է բռնությունների մի ամբողջ փունջ. «Ես 16-17 տարեկան էի, երբ ծնողներիս պատմեցի իմ կողմնորոշման մասին, իրենք ինձ ծեծեցին, փակեցին սենյակում ու չէին թողնում՝ աշխատանքի գնամ այնքան ժամանակ, մինչև իմ գործատուն չզանգեց ու չհամոզեց հորս: Հիմա էլ, չնայած  բավականին ժամանակ է անցել, բայց իրենք չեն հավատում, որ ես գեյ եմ, ուղղակի կարծում են, որ վատ շրջապատ եմ ընկել»,-ասում է Սամվելը:

 

Անընդհատ ծագող խնդիրներից խուսափելու համար նա մշտապես իր սեռական կողմնորոոշումը թաքցնելու խնդիր ունի, և նույնիսկ այս դեպքում խնդիրները Սամվելին ինչ-որ պատահականությամբ գտնելու հատկություն ունեն:

 

«Մի որոշ ժամանակ առաջ ԼԳԲՏ հավաքույթ էր կազմակերպվել, որին ես էլ էի մասնակցում ու չգիտեմ ոնց դրա մասին իմանում է քեռուս տղան ու սպառնում ինձ բացահայտել: Պարզվում է՝ միջոցառման անվտանգության աշխատակիցը նրա ընկերն էր ու ասել է, որ ինձ տեսել է էնտեղ: Ես ստիպված սպառնում եմ, որ երկուսի դեմ էլ ոստիկանությունում դիմում կգրեմ, միայն թե ինձ հանգիստ թողնեն»,- ասում է նա:

 

Ընտանիքի անդամների կողմից Սամվելի անձնական կյանքը քննարկվել ու քննադատվել է շատ, իսկ ինքը դրանցից մասամբ խուսափելու ձևը գտել է՝ գումար է տալիս՝ անձնական կյանքով ապրելու համար վճարում է:

 

«Էնպես չի շատ-շատ եմ վաստակում, բայց օրը 2000, 3000 երբեմն էլ 5000 տալիս եմ: Իսկ հիմա (ՔՈՎԻԴ19-ով պայմանավորված կարանտինի օրերին), որ չեմ աշխատում, աջակցություն եմ ստանում ու  դրանից մի քիչ էլ պահում, որ տնեցիներին տամ»,- պատմում է նա:

 

Սամվելի համար Հայաստանում ապրելը հեշտ չէ, ինքն իրեն ապահով զգալու խնդիր ունի: Տնից դուրս գալիս ինչ վերցնի-չվերցնի, ինքնապաշտպանական որևէ միջոց անպայման հետն ունենում է. երբեք չես իմանա՝ երբ և ում կհանդիպես:

 

«Մի քանի օր առաջ էր՝ ընկերներով իջել էինք սնունդ գնելու։ Երբ փողոցով անցնում էինք, երկու տղա էին կանգնած․ մեկն ինձ վրա օգտագործած անձեռոցիկ շպրտեց, ու ես մինչև փորձեցի պարզել՝ ինչի համար, տեսա դանակ է հանում  գրպանից: Սկսեցի ավելի շատ խոսել, որ ընկերս հասցնի էլեկտրաշոկը հանել պայուսակից։ Լավ էր՝ հենց էդ տեսան, հետ քաշվեցին, մենք էլ արագ գնացինք»,- պատմում է Սամվելը:

 

Ունենալ ընտանիքի աջակցությունը և վստահությունը, երբ ամենաշատը կա դրա կարիքը, անգնահատելի է: Դրան հասնել հնարավոր է, երբեմն էլ, գուցե՝ ոչ:

 


Կարդացեք երրորդ մասն այստեղ

 

Ռիմա Գրիգորյան

 

 

Այս նյութի կազմումը և հրապարակումը հնարավոր է դարձել Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Կարողությունների զարգացում և հզորացում հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը,  և այն պարտադիր չէ, որ արտահայտի «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի տեսակետները: