ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆՍՀԿ ՄԻԱՎ-Ի ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄԻԱՎ-ը՝ Մարդու իմունային անբավարարության վիրուսը, ժամանակին ախտորոշելու դեպքում լիովին վերահսկելի է, այնինչ մինչ օրս շատերը ՄԻԱՎ-ը նույնացնում  են ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի հետ և ախտորոշումը համարում մահվան դատավճիռ: Իրականում ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի վերջնային փուլն է: ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարբերաբար հետազոտվելը կօգնի ժամանակին հայտնաբերել և վերահսկել այն:

 

«ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը դարձել է առավել հասանելի, քան երբևէ»,- ասում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի համակարգող Արտյոմ Մովսեսյանը, որը ծրագրի աութրիչների հետ մասնակցում էր «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում» կազմակերպված «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն ինքնաթեստավորման միջոցով» թեմայով վերապատրաստման դասընթացին։

 

Դասընթացը կարևոր է նրանով, որ անմիջականորեն թիրախային խմբերի հետ աշխատող անձինք, այս դեպքում՝ աութրիչ աշխատակիցները, ամրապնդում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրենց գիտելիքների պաշարներն ու ձեռք են բերում համապատասխան մասնագիտական հմտություններ իրենց իսկ շահառուների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցկացնելու համար: Սա իր հերթին հնարավորություն է ստեղծում այս հետազոտությունը դարձնել առավել հասանելի այն խմբերի համար, որոնց հետ աշխատում է կազմակերպությունը:

 

Դասընթացը բաժանված էր տեսական և գործնական մասերի։ Առաջին հատվածում ՀՀ Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նաիրա Սերգեևան անդրադարձավ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի իրավիճակին Հայաստանում, խոսեց ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերից, ՄԻԱՎ-ի կանխարգելումից և թեստավորման կարևորությունից, բուժման ընթացքից, ինչպես նաև ներկայացրեց սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ արված հետազոտություններ։

 

Դասընթացը շարունակեց ՁԿՀԿ աշխատակից Մարինե Ասրյանը, որը խոսեց աութրիչ աշխատանքից, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության հիմնական սկզբունքներից ու հմտություններից, ինչպես նաև թեստերի տարբեր պատասխանների դեպքում խորհրդատվության առանձնահատկություններից։

 

 

 

Օրվա երկրորդ հատվածում սեմինար-վարժանքի մասնակիցները ՁԿՀԿ բժշկուհի Սուսաննա Մուրադյանի հետ բացահայտեցին ինքնաթեստավորման առանձնահատկությունները, սովորեցին հետազոտության արդյունքների ճիշտ մեկնաբանումը, գործնականում իրականացրին թեստավորում և ծանոթացան ՄԻԱՎ-ի ախտորոշման լաբորատորիայի աշխատանքներին։

 

 

 

Հիշեցնենք, որ «2017 թվականի օգոստոսից ՆՍՀԿ-ի շահառուներն արդեն իսկ հնարավորություն ունեն անվճար, գաղտնի և անանուն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել լնդային տրանսուդատի արագ թեստերի միջոցով։ Սա ենթադրում է, որ որպես խորհրդատու վերապատրաստված աութրիչ աշխատակիցը կարող է հետազոտություն իրականացնել ինչպես ՀԿ-ի գրասենյակում, այնպես էլ շահառուի տանը և այն վայրերում, որտեղ հնարավոր է ապահովել հետազոտության իրականացման համար անհրաժեշտ նախապայմանները՝  ջերմաստիճան, լուսավորություն, գաղտնիություն և այլն»։ Թեստավորման վերաբերյալ վիդեո-ուղեցույցին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

 

 

«ՏՍՏ-ների, ՏԱ-ների և ԿՍԿ-ների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելումը» ծրագիրը իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆոնդերից, ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: