ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 2019Թ․-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն (այսուհետ նաև՝ ՆՍՀԿ) ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1998թ.-ին Հայաստանում։ ՀԿ-ն իր գործունեությունը իրականացնում է ելնելով մարդասիրական սկզբունքներից՝ նպաստելու հասարակության և հատկապես խոցելի խմբերի հիմնախնդիրների կարգավորմանը։

 

ՆՍՀԿ շուրջ 20 տարի գործում է իրավապաշտպան ոլորտում և տրամադրում է անվճար իրավաբանական, հոգեբանական խորհրդատվություն, փաստաբանական ծառայություն, ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար խորհրդատվություն, թեստավորում, կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ, հանրային միջոցառումներ, իրականացնում մարդասիրական և բարեգործական բազմաթիվ ծրագրեր։

 

ՆՍՀԿ իրավապաշտպան գործունեության կարևորագույն օղակներից է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը (սոցիալապես անապահով անձինք, դատապարտյալներ, ՄԻԱՎ-ով ապրող անձինք, ԹՆՕ-ներ, ԼԳԲՏ+ անձինք և այլք):

 

ՆՍՀԿ-ն ունի տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների, դեսպանատների և անհատ բարերարների հետ համագործակցության բազմամյա փորձ:

 

Կազմակերպությունը փորձում է վերոնշյալ խնդիրների լուծումներն իրականացնել տարբեր համագործակցությունների ու աջակցությունների միջոցով:

 

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) և նախաձեռնությունները առանցքային դեր են կատարում ժողովրդավարության, իրավունքի գերակայության ապահովման, որոշումների կայացման մակարդակում հասարակական տարբեր շերտերի շահերի ներկայացման գործընթացում, որոնք կարևորագույն նախապայմաններ են հասարակության կայուն զարգացման համար։ Ուստի 2018թ․-ին Հայաստանում տեղի ունեցած իրավիճակային և կադրային փոփոխություներից հետո ՆՍՀԿ-ն բարձր գնահատելով նոր կառավարության մարդասիրական և կառուցողական դիրքորոշումը, մեծ ակնկալիքներ ուներ նոր կառավարության հետ համագործակցելու։

 

Ամփոփ վերլուծությամբ ներկայացնում ենք 2019թ․ ընթացքում այլ շահագրգիռ կողմերի, մասնավորապես պետական  հատվածի հետ ՆՍՀԿ-ի համագործակցության մակարդակն ու եղանակները, համագործակցության արդյունքում առկա ձեռքբերումներն ու խոչընդոտները: