ՄԻԱՎ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ, ԽՆԱՄՔՆ ՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
2019 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը, խնամքն ու
աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում» կլոր սեղան քննարկումը, որը
կազմակերպվել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից «Հանուն հզոր ապագայի» ՀԿ-ի հետ
համագործակցությամբ, Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի և Տղամարդկանց առողջության
եվրասիական կոալիցիայի (ԵԿՈՄ) ֆինանսավորմամբ՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ
պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆոնդերի հաշվին։
Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում դիվանագիտական առաքելությունների և միջազգային և
տեղական կազմակերպությունների, ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ,փաստաբաններ,
իրավաբաններ, իրավապաշտպաններ, ակտիվիստներ և համայնքի ներկայացուցիչներ։
Քննարկման սկզբում բացման խոսքով ելույթ ունեցավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ
Սերգեյ Գաբրիելյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց, որ կազմակերպությունը շատ է կարևորում
ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի իրականացումը Հայաստանում և ջատագովում է դրանց
շարունակականության ապահովումը։
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան օտարերկրյա դիվանագիտական կառույցների
ներկայացուցիչները։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշեց, որ մեծ պատիվ է
ներկա գտնվել նման հանդիպմանը, տեսնել ընկերներ, ծանոթ դեմքեր։ Նա իր խոսքը ավարտեց այն մտքով,
որ ՄԻԱՎ-ի կանխարգելումը միայն առողջապահական խնդիր չէ, այն վերաբերում է մարդու հիմնարար
իրավունքներին, կայուն զարգացմանը, կրթական մակարդակին։
ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ
պայքարի Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ողջույնի
խոսք հղեց նախարարության անունից՝ նշելով, որ շատ է կարևորում պետական սեկտորի և քաղաքացիական
հասարակության միջև համագործակցությունը, առանց որի հնարավոր չէ հասնել ՄԻԱՎ-ի հակազդման ծրագրերում ներկայացված ամբիցիոզ նպատակներին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի գործադիր
տնօրեն Վիտալի Ջուման։ Նա ուրախությամբ նշեց, որ տարածաշրջանում Հայաստանը ՄԻԱՎ-ի տարածման
առումով համեմատաբար լավ վիճակում է, քան, օրինակ, հարևան Վրաստանը։ Պարոն Ջումային նաև
հաճելի էր հանդիպմանը տեսնել բոլոր շահագրգիռ կողմերին, դիվանագիտական և պետական
մարմիններին, ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցերի խմբերի և նրանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-երի
ներկայացուցիչներին։ Նա ավարտեց իր ելույթը հետևյալ մտքով․ «Միասին մենք ավելի ուժեղ ենք,
միայնակ ոչ մեկը չի կարող»։
Ողջույնի խոսքերից հետո հրավիրված խոսնակները անդրադարձան Գլոբալ հիմնադրամի և Էլթոն Ջոնի՝
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ՄԻԱՎ-ի
կանխարգելման ծրագրերին, Հայաստանում ՄՀՀ աշխատանքին, որոշումների կայացման գործընթացում
համայնքահեն կազմակերպությունների և համայնքների ներգրավմանը, ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում
համագործակցության ուղիներին և մարտահրավերներին, ՄԻԱՎ-ի կանխարգելման պետական
դրամաշնորհային ծրագրերին, առողջապահական ոլորտում խարանին և խտրականությանը:
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում
իրականացվող ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կասկադ վերլուծությունը, որը դեռ գտնվում է
մշակման փուլում, իսկ ավարտից հետո կկազմակերպվի աշխատանքային հանդիպում դրա վերջնական
քննարկման ու ներկայացման համար։ Ներկայացվեցին նաև «Առողջության իրավունք» ծրագրի
շրջանակներում մշակված «ՔՀԿ-ների ֆինանսական աղբյուրների կարգավորող ազգային օրենսդրության
վերլուծությունը» և «Համայնքից համայնքի համար» ծրագրի շրջանակներում մշակված համապարփակ
զեկույցը։
Հայաստանում ՄՀՀ աշխատանքի վերաբերյալ քննարկումների ընթացքում ԵԿՈՄ-ի խորհրդի անդամ
Սվիտոսլավ Շերեմետը նշեց, որ համայնքի ձայնը պետք է անձամբ և անմիջապես լսելի լինի որոշումների
կայացման գործընթացում, ինչը հնարավորություն կտա համայնքին իր խոսքը ուղղակիորեն հասցնել
պետական գործիչներին և այլ շահագրգիռ կողմերին, վերջիններս էլ հնարավորություն կունենան առաջին
աղբյուրից տեղեկանալ համայնքի խնդիրներին։
Քննարկվեցին նաև ոլորտային առողջապահական և օրենսդրական խնդիրները և դրանց հնարավոր լուծման
ուղիները։
Քննարկման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն հնչեցված բոլոր առաջարկությունները
հավաքագրելու, խմբագրելու և պետական ու միջազգային կառույցներին ներկայացնելու վերաբերյալ։
Կլոր սեղան քննարկմանը ուղեկցում էր նաև «Հետապնդիր խարանը, ոչ թե մարդկանց» մեդիա արշավը, որի
հայաստանյան ազգային նշանաբանն է՝ լսելի դարձնենք համայնքի ձայնը։ Հանդիպման մասնակիցները և
հյուրերը հնարավորություն ունեցան իրենց համերաշխությունը հայտնել արշավին՝ նկարվելով արշավի
նպատակները արտահայտող պաստառի մոտ։ Արշավին միացած հյուրերը որպես խորհրդանշական նվերներ
ստացան արշավի լոգոյով և կարգախոսով բաժակներ։