Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2411 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1061 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 58 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ կեսը 51%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (70%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (20%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների.

Հետերոսեքսուալ փոխանցման ուղի 70%
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով 20%
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի 4,4%
Մորից երեխային 1,5%
Արյան միջոցով 0,1%
Անհայտ 4%

ՄԻԱՎ վարակով պացիենտներից 1746-ի մոտ (կին` 445, երեխա` 33) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ վարակով պացիենտների մահվան 807 դեպք: Մահացածների թվում կան 155 կին և 11 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ (99%), իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 1075 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 31%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3% (394): ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 162 որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը համապատասխանաբար` 152; 116,9; 110,3:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500, որոնցից 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 76%-ը (2589) գիտեր իր կարգավիճակի մասին, որոնցից ՀՌՎ բուժում ստանում էր 72%-ը (1871), նրանցից էլ չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ուներ 85%-ը (1585):

ՄԻԱՎ-ի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է:

Վիճակագրական տվյալները վերցված են ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կայքէջից: