Սեռական գորտնուկներ

 

Սեռական գորտնուկները (սրածայր կոնդիլոմաներ, սրածայր գորտնուկներ) բարորակ անոգենիտալ գորտնուկներ են, որոնց հարուցիչն է մարդու պապիլոմավիրուսի (HPV) 6 և 11 գենոտիպերը: Հիվանդները կարող են նաև վարակված լինել ուռուցքածին` բարձր-ռիսկի պապիլոմավիրուսների 16 և 18 գենոտիպերով, որոնք մեծ մասամբ առաջացնում են նորագոյացություններ (ներէպիթելային ուռուցք, անոգենիտալ քաղցկեղ):

Գորտնուկները հակում ունեն առաջանալու հարաբերության ժամանակ վնասված հատվածներում և կարող են լինել միայնակ, սակայն սովորաբար արտահայտվում են տասնյակներով, 1-ից 10 մմ տրամագծով: Տարրերը (գերաճները) միաձուլվելով կազմում են մեծ վահանակներ, որոնք յուրահատուկ են իմունոդեպրեսիվ վիճակով մարդկանց և շաքարախտով տառապողների մոտ:
Գորտնուկները կարող են առաջանալ նաև փոշտի վրա, աճուկի, շեքի և հետանցքային շրջաններում: Կանանց մոտ տարրերն ընդգրկում են ամոթաշրթերի սանձիկը, մեծ և փոքր ամոթաշրթերը, ծլիկը, միզուկի բացվածքը, շեքը, հետանցքի շրջանը, հեշտոցամուտքը, բունոցը, կուսաթաղանթըհեշտոցը և էկտոցերվիքսը: Միզուկի բացվածքն ախտահարվում է տղամարդկանց 20-25%-ի մոտ, իսկ կանանց` 4-8%-ի մոտ: Ներհետանցքային գորտնուկները առաջանում են սովորաբար հետանցքային հարաբերության դեպքում (հատկապես տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց մոտ): Գույնը տատանվում է ազնվամորու վարդագույնից մինչև նարնջակարմիրը (չեղջրացած գորտնուկներ), մոխրասպիտակ (խիտ եղջրացած տարրեր) և մոխրավունից մինչև շագանակագույն (գունակավորված տարրեր): Գերաճները նմանվում են ծաղկակաղամբի կամ աքլորի կատարի, հաճախ ախտահարման տեղում զետեղված լինելով ոտիկի վրա: Ախտանշաններից են բորբոքվածությունը, ճաքերը, քորը, սեռական ակտի ժամանակ արյունահոսությունը կամ ցավը: